Կարեն Դեմիրճյանի այրին հորդոր ունի Փաշինյանին. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի դահլիճում գնդակահարված ԱԺ նախագահ, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրին ապշած է, որ այսօր Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման հարց է բարձրացվում եւ անգամ քննարկման օրակարգ է դարձել:
«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետեւանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»,- 168.am-ի հետ զրույցում շատ ուղիղ, հասցեական հարցադրում է հնչեցնում Ռիմա Դեմիրճյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմում գրելու փաստին:
«Իսկ եթե այդուհանդերձ նման հարց է բարձրացվել, ապա միայն մի բան կասեմ՝ դա իմ իրավունքը չէ, ես չեմ որոշողը, չեմ կարող լուծում տալ հարցին, բայց պետք է հիշել, որ դա միայն իմ կորուստը չէ, հայ ժողովրդի կորուստն է, նրա կյանքի, ապագայի, կործանված հեռանկարի, ամեն ինչի կորուստն է, որը շատ դժվար է վերականգնել»,- ասաց տիկին Դեմիրճյանը:
Կարեն Դեմիրճյանի այրին համարում է, որ այդ օրվա կրակոցները հենց հայ ժողովորդի դեմ էր ուղղված, եւ այդ օրվա կորստի բեռը միայն զոհերի ընտանիքները չեն կրել, կրել ենք բոլորս, հետեւաբար՝ ժողովրդի խոսքն այդ հարցում պետք է լսելի լինի:
«Բոլոր դեպքերում դա ժողովրդի լուծելու հարցն է: Այդ ողբերգական միջադեպով սպանվեցին մարդիկ ու մեր ապագան, կորուստը միայն գնդակահարվածների ընտանիքներինը չէ, իմը չէ միայն: Ոչ մենք, եւ ոչ էլ մեր ժողովուրդն այդ կրակոցների հետեւանքները մինչ օրս չենք մարսել: Մինչեւ 27-ը մենք ունեինք մեկ Հայաստան, հոկտեմբերի 27-ից հետո՝ բոլորովին ուրիշ Հայաստան: Այդ օրվա կրակոցներով սասանվեց ամբողջ ժողովուրդը, որովհետեւ դա հանցագործություն էր՝ ուղղված հենց ժողովրդի դեմ: Հետեւաբար՝ այս հարցը, լավ կանեիք՝ նաեւ մեր ժողովրդին հղեիք։ Եթե ժողովուրդը կասի՝ այո՛, ինչ արած, ուրեմն թող ազատվի Նաիրի Հունանյանը կալանքից: Բայց եթե հարց հղեիք, ապա ես չեմ կարծում, որ հայերի մեջ կլինեն մարդիկ, ովքեր կտան իրենց համաձայնությունը, բացառությամբ մի քանիսի, որոնք կողմնակից են դաժան մարդասպաններին։ Բնավ, ես չեմ հավատում, որ մեր ժողովուրդը կհամաձայնի դրան»,- ասում է տիկին Դեմիրճյանը:
Մեր դիտարկմանը, որ այս դեպքում ժողովրդի խոսքը որոշիչ չէ, Նաիրի Հունանյանի դիմումը հասցեագրված է երկրի ղեկավարությանը, հետեւաբար՝ հանձնաժողովի կարծիքից հետո այն պետք է ուղարկվի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանին, ու միայն երկրի ղեկավարների ստորագրությամբ է վճռվում, ուստի ի՞նչ ակնկալել երկրի բարձրագույն ղեկավարից, եւ ո՞րն է Կարեն Դեմիրճյանի այրու հորդորը վարչապետ Փաշինյանին՝ վերջինիս որոշիչ վճռից առաջ, նա պատասխանեց.
«Բնականաբար, երկրի ղեկավարությանն է հասցեագրվել դիմումը, բայց ես կարծում եմ՝ նրանք խելամիտ կմոտենան եւ հաշվի կառնեն բոլոր հանգամանքները, նրանք պարտավոր են հաշվի առնել ժողովրդի վերաբերմունքն ու կարծիքը ոճրագործին վաղաժամ ազատ արձակելու վերաբերյալ»:
Հ.Գ. Տիկին Ռիմա Դեմիրճյանին ուղղված հարցերը շատ էին, բայց երբ նրան հարցրեցինք Նաիրի Հունանյանի գլուխ բարձրացնելու, նրա դիմումի քաղաքական ազդակների, քաղաքական հնարավոր վերադասավորումների մասին, նա հուզվեց եւ այլեւս չկարողացավ զրույցը շարունակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: