«Դեկտեմբերին կամուսնանամ». Լիլուն՝ ապագա ամուսնու և իր անցյալի մասին. ֆոտո
«Դեկտեմբերին կամուսնանամ». Իր նշանադրության մասին լուրը Լիլուն օրեր առաջ է հաստատել եւ ավելացրել, որ սիրելիից ամուսնության առաջարկն ու մատանին ստացել է տարեդարձի օրը` անակնկալ կերպով:
Դեկտեմբերին ամերիկաբնակ երգչուհին կամուսնանա: Նա առայժմ չի ցանկանում բացահայտել ապագա ամուսնուն՝ նշելով, որ դա կանի հենց հարսանիքի օրը: Լիլուն Bravo.am-ին պատմել է սպասվող հարսանիքի, սիրելիի ու որդու հարաբերությունների մասին, եւ ոչ միայն:
Պատահական հանդիպում, և ամեն ինչ սկսվեց նորից:
15 տարի առաջ միասին աշխատել ենք: Համակրել ենք իրար, բայց լուրջ ոչ մի հարաբերություն չի եղել: Հետո կյանքը մեզ տարբեր ուղղություններով է տարել: Ամեն մեկս փորձել է յուրովի դասավորել իր կյանքը: Այստեղ հանդիպեցինք պատահական` մեր ընկերներից մեկի տարեդարձին: Նոր հարաբերություն սկսելու միտք ամենեւին չունեի, բայց ինքն ամեն ինչ արեց դրա համար:
Բավական բարդ էր նոր կյանք սկսելու որոշում ընդունելը: Շատ-շատ եմ մտածել: Դժվարությամբ, բայց իր աջակցությամբ կայացրի որոշումը: Այսօր արդեն հասկացել եմ, որ ճիշտ ընտրություն եմ անում: Իմ կյանքի ամենաճիշտ որոշումն է, որ երբեւէ կայացրել եմ:
Ով է նա
Առանձնահատուկ ոչինչ չենք անում գաղտնի պահելու համար: Հարսանիքի օրն ամեն ինչ պարզ կլինի: Միասին աշխատել ենք նույն հաստատությունում: Նա երգիչ չէ: Պարզապես չի ցանկանում, որ իր մասին շատ խոսեն, գրեն: Ես հարգում եմ իր որոշումը, խոսքը: Իմ մտերիմները, հետեւորդները գիտեն, որ պատրաստվում եմ ամուսնանալ, որ շատ երջանիկ եմ: Իսկ թե ով է նա, անունն ինչ է, քանի տարեկան եւ այլն, ի ուրախություն ինձ, նրանց գրեթե չի հետաքրքրում:
Կարեւորում եմ տղամարդու հարգանքը կնոջ նկատմամբ: Նա հենց այդպիսին է` կնամեծար, չափազանց հոգատար: Հենց այս հատկանիշներն են ինձ դուր եկել: Մենք առաջին հերթին շատ լավ ընկերներ ենք, հետո նոր՝ սիրելիներ:
Որդու և սիրելիի հարաբերությունների մասին
Ռոբերտի եւ նրա հարաբերությունները շատ ջերմ են: Դա էլ առաջնային դեր խաղաց իմ որոշման համար: Տեսել եմ, թե ինչպես են իրար սիրում: Ռոբերտը նրան «զազի» է ասում:
Նախապատրաստվելով հարսանիքին
Դեկտեմբերին կամուսնանամ, կոնկրետ օրը չեմ ցանկանում նշել: Նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են: Փեսային վերաբերող հարցերով ինքն է զբաղվում, իսկ հարսանեկան զգեստն ինքս եմ ընտրել: Չնայած նրան, որ ինքը շատ էր ցանկանում տեսնել, ներկա լինել, բայց այնուամենայնիվ, մենակ եմ ընտրել: Վստահ եմ՝ շատ կհավանի: Հարսի զգեստը պետք է հարսին համահունչ լինի: Նախընտրում եմ ավելի նուրբ, հանգիստ ու ոչ շատ ճոխ զգեստ:
Հարսանիքին Հայաստանից հյուրեր եւս հրավիրված են: Շատ ենք ցանկանում, որ ներկա լինեն, բայց տեսնենք՝ ինչպես կստացվի:
Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում։