Դպրոց սկսել եմ հաճախել 5 տարեկանում․ մայրս դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար․ Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Դպրոց սկսել եմ հաճախել 5 տարեկանում․ մայրս դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար․ Նիկոլ Փաշինյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովին: Անդրադառնալով իր դպրոցական հուշերին և դպրոց հաճախելուն՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Ես, ըստ էության, դպրոց եմ գնացել իմ սեփական նախաձեռնությամբ և ոչ թե վարչական որոշմամբ: Դպրոց սկսել եմ հաճախել 5 տարեկանում, ուսումնական տարվա, համենայն դեպս, ոչ սկզբից:
Ամբողջ խնդիրն այն է, որ մայրս դպրոցում էր աշխատում՝ որպես գործավար, և մեր տանը հայտնվել էր մի այբբենարան, որը ես սկսել էի ուսումնասիրել, և ես ինչ-որ մի պահից պահանջեցի, որ մայրիկս ինձ դպրոց տանի:
Ի վերջո, նա ինձ դպրոց տարավ և իր դասվար ընկերուհուն խնդրեց, որպեսզի ինձ մի քանի օր այդ դասարանում պահի, որպեսզի ես տանը, ինչպես ասում են, հանգիստ թողնեմ իրեն: Այդ մի քանի օրը, ըստ էության, դարձան իմ աշակերտական կյանքի մեկնարկը:
Կարծում եմ՝ դա կանխորոշող նշանակություն ունեցավ, որովհետև թերևս ենթագիտակցորեն ես հասկացա և հիմա էլ այդ եզրակացությանն եմ, որ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է, որովհետև, պատկերացրեք, դպրոցում, այո, մեզ ծրագրեր են տալիս, ուսուցիչները տանում են կրթական գործընթացը, բայց եթե հանկարծ այնպես է ստացվում, որ մարդը չի ուզում դա սովորել, պատկերավոր ասած, բռնությամբ չես կարող իրեն սովորեցնել:
Հետևաբար, կրթության, կրթական համակարգի ամենամեծ դերը մարդուն, երեխային, աշակերտին, ուսանողին քաջալերելն է դեպի ինքնակրթություն, որովհետև դասարանում էլ, լսարանում էլ ամենահաջողված աշակերտները նրանք են, ովքեր այդ գործընթացն ընկալում են ոչ թե որպես վարչական որոշում, որ ուրիշներն իրենց պարտադրում են ինչ-որ բան իմանալ, սովորել, այլ իրենք են փորձում հագեցնել իմացության, կրթության իրենց ծարավը:
Հետևաբար, կրթության ամենակարևոր կոմպոնենտը, իմ կարծիքով, ինքնակրթությունն է, և ես այդ ժամանակներից սկսած մինչև հիմա էլ այդպես էլ վերաբերվում եմ կրթությանը»: