«Շատ կարևոր է նման ընկերուհի ունենալ». Լիլիթ Բաբասյանի և Անահիտ Սիմոնյանի երազանքների հանգիստն ԱՄՆ-ում ու Լիլիթի 27-ամյակը. ֆոտո
«Շատ կարևոր է նման ընկերուհի ունենալ»: Սննդաբան Լիլիթ Բաբասյանը երեկ տոնել է ծննդյան տարեդարձը: 27-ամյակի օրը նրա համար կտրականապես տարբերվել է նախորդ տարեդարձերից: Առաջին անգամ նա իր օրը նշել է ընտանիքից հեռու՝ ԱՄՆ-ում:
Tert.am Life-ի հետ զրույցում Լիլիթը պատմել է Անահիտ Սիմոնյանի հետ ԱՄՆ մեկնելու հապճեպ որոշման, ընտանիքից հեռու լինելու, ընկերուհու հետ անցկացրած օրերի և տարեդարձի օրը չսիրելու մասին:
«Իմ վաղեմի երազանքն էր լինել ԱՄՆ-ում, սակայն այս շրջանում նման միտք չունեի: Ամեն բան ինձ համար էլ անակնկալ ստացվեց. ավիատոմս գնել եմ մեկնելուցս 2 օր առաջ: Մուտքի վիզա ունեի, սակայն ծանրաբեռնվածությանս պատճառով չէի կարողանում մեկնել: Հատկապես, այս շրջանում, երբ պատրաստվում եմ իմ սրճարանի նոր մասնաճյուղի բացմանը, շատ զբաղված էի, սակայն եթե չմեկնեի, մուտքի թույլտվությունս կկասեցնեին»,- ասաց նա:
Լիլիթը հաջողություն է համարում, որ այս շրջանում իր մտերիմ ընկերուհին՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ևս պետք է մեկներ Միացյալ Նահանգներ. «Շատ ուրախ եմ, որ Անահիտն ինձ հետ է: Նրա հետ ճամփորդությունները միշտ շատ լավ են անցնում: Նա իմ հոգու ընկերն է: Վաղուց երազանք ունեինք միասին լինել ԱՄՆ-ում»:
Լիլիթը չի սիրում իր տարեդարձի օրը, սակայն Անահիտը թույլ չի տվել նրան տխրել: «Վաղուց արդեն չեմ սիրում նշել ծնունդս, տխրում եմ այդ օրը: Վերջին անգամ, երևի, 18 տարեկանում եմ լիարժեք ուրախացել ծննդյանս օրը: Ինձ համար 2 կարևոր տոն կա տարվա ընթացքում՝ որդուս ծննդյան օրն ու Նոր տարին: Սովորաբար ծնունդս չեմ նշում, սակայն այստեղ գեղեցիկ երեկո ունեցա Անահիտի նախաձեռնությամբ:
Նա մի ամբողջ օր իրականացնում էր իմ բոլոր ցանկությունները, իսկ ամենակարևորը՝ ուղղակի իմ կողքին էր,- ասաց սննդաբանն ու հավելեց, որ ինքը մեկնել է հանգստանալու, իսկ ընկերուհին ԱՄՆ-ում է գործնական նպատակով,- անկախ իր զբաղվածությունից՝ Անահիտն ամեն ինչ անում է, որպեսզի իմ ճամփորդությունը հետաքրքիր անցնի: Առհասարակ, նա միշտ իմ կողքին է: Շատ կարևոր է կյանքում նման ընկերներ ունենալ»:
Լիլիթի՝ տարեդարձի օըը տխրելու սովորությանն ավելացել է ընտանիքից հեռու լինելու փաստը: Առաջին անգամ է ծնունդը նշում առանց ընտանիքի անդամների ներկայության: Որդին՝ 5-ամյա Ալեքսը, մայրիկին շնորհավորել է տեսազանգով: Նա նկատեց, որ շատ է ուզում որդուն ևս տանել ԱՄՆ: «Առանց երեխայիս, իհարկե, շատ դժվար է: Մենք շատ կապված ենք, շատ եմ կարոտում իրեն: Անպայման Ալեքսին էլ կբերեմ ԱՄՆ, հատկապես, «Դիսնեյ լենդ»-ը շատ կհետաքրքրի նրան»,- ընդգծեց մայրիկը:
Երազանք մտապահելու համար Լիլիթը տարեդարձի օրվան չի սպասում: Առհասարակ, հիմա փորձում է, ոչ թե երազանքներ մտապահել, այլ նպատակներ սահմանել ու հասնել դրանց: «Ես հասկացել եմ, որ երազանքները մեր նպատակներն են: Պետք է ունենալ նպատակ և գնալ դեպի դա: Ես ունեմ նպատակներ, որոնց քայլ առ քայլ մոտենում եմ: Ամերիկա գալը ևս իմ նպատակն էր, որն իրականացրի: Այստեղ նաև գործնական ծրագրեր ունեմ: Հունվարին կամ ապրիլին այստեղ սեմինար կունենամ:
Այլ ծրագրեր ևս ունեմ, սակայն չեմ շտապում բարձրաձայնել դրանք»,- ասաց նա ու հավելեց, որ այս անգամ այցը շատ կարճ կտևի՝ ընդամենը 7 օրով է մեկնել: «Ցավոք, ժամանակը շատ քիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ պետք է գալ առնվազն 15 օրով, ես եկել եմ 1 շաբաթով: Առաջին 2 օրը փորձում էի ադապտանալ ժամային գոտուն, բացի այդ, փոքր-ինչ վատառողջ եմ: Այնուամենայնիվ, օգտագործում ենք ամբողջ ժամանակն ու փորձում հնարավորինս շատ բան տեսնել»,- եզրափակեց սննդաբանը:
Աղբյուր՝ tert.am