Մամուլ

«Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն»․ Արման Սարգսյան

Ոստիկանության վրա ձեռք բարձրացնելը հավասարազոր է պետության վրա ձեռք բարձրացնելուն, և խստագույնս պատժվելու են նրանք, ովքեր կփորձեն այսկերպ կամ որևէ կերպ հանդգնել պետության վրա ձեռք բարձրացնել: Այս մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում վիրավորված ոստիկանին այցելելու ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

«Իրավահարգ քաղաքացիներ չեն եղել, օրինապաշտ քաղաքացիներ չեն եղել, և մեր ոստիկանության ծառայողների օպերատիվ հոտառությունը իրենց չի դավաճանել, և մոտեցել են ճիշտ մարդկանց, ում պետք է տվյալ պահին մոտենային, ուղղակի ցավում եմ, որ նման դեպք է ստացվել»,-ասաց Արման Սարգսյանը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։

Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ստացած հրազենային վնասվածքի հետևանքով՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է։

Կիսվել