Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է
Շենավան գյուղում 62-ամյա բնակիչը բուժքույրի կողմից ներարկում ստանալուց հետո մահացել է։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:
Այդ օրը, ժամը 19:50-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 62-ամյա Հայկ Հ.-ն է: Պարզվել է նաև, որ նրան Շենավան գյուղի բժշկական ամբուլատորիայի բուժքույր, 44-ամյա Ռեբեկա. Ս.-ն իր տանը ներարկել է «Ցենտրոքսիոն աստերիա» տեսակի դեղամիջոց, որի հետևանքով Հայկ Հ.-ն ընկել է ռեակցիայի մեջ և մահացել: