Աննա Հակոբյանն ու Բելիզի առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոուն այցելել են Արյունաբանական կենտրոն. ֆոտո
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում Երեւան ժամանած Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, այցելել են Պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի, «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոուն շրջել են կենտրոնով, շփվել քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող երեխաների եւ նրանց ծնողների հետ։
Այցի ավարտին Գյումրիից 16-ամյա Աստղիկ Լոռեցյանը՝ որպես հիշատակ տիկին Բելիզին է նվիրել իր գործած գոբելեն աշխատանքը։ Աստղիկ Լորեցյանի մոտ մի քանի ամիս առաջ հայտնաբերվել էր սուր լեյկոզ եւ նա բուժումը ստացել է Արյունաբանական կենտրոնում։ Բուժում ստանալու հարցում նրան աջակցել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամը։ Քիմիոթերապիայի վերջին կուրսն Աստղիկն անցել է 2 շաբաթ առաջ եւ բժիշկների գնահատմամբ հաղթահարել է հիվանդությունը։
Շրջայցից հետո կայացած առանձնազրույցի ընթացքում Աննա Հակոբյանն ու Քիմ Սիմփլիս-Բառոունը ներկայացրել են իրենց ղեկավարած հիմնադրամների գործունեությունը։ Տիկին Բառոունը Աննա Հակոբյանին հրավիրել է Բելիզի հանրապետություն։
Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս Բառոունը, որը Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկն է, տարբեր սոցիալական շարժումների հեղինակ է, երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող դեսպանորդ։ Լինելով քաղցկեղ հաղթահարած անձ հեղինակել է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար տարբեր գլոբալ ծրագեր։ Տիկին Բելիզը Lifeline Foundation-ի հիմնադիրն է։
«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է, հոգում է քաղցկեղ եւ արյան հիվանդություններ ունեցող մինչեւ 26 տարեկան երեխաների եւ դեռահասների բուժումը։ Հիմնադրամը տրամադրում է նաեւ անվճար դեղորայք, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաեւ սոցիալ-հոգեբանական ծառայություն քաղցկեղ ունեցողներին եւ նրանց ընտանիքի անդամներին։ Ներկա դրությամբ հիմնադրամն օժանդակում է 240 երեխայի եւ երիտասարդի։