Արթուր Վանեցյանի հոր ծաղկի բիզնեսին առնչվող քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ում
Aravot.am-ի տեղեկություններով ՝ ԱԱԾ արդեն նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հոր ծաղկի բիզնեսին առնչվող քրեական գործ է հարուցվել ՊԵԿ-ում: Այն հարուցվել է մոտ մեկ տարի առաջ:
ՊԵԿ-ից մեզ հետ զրույցում հերքեցին, թե Արթուր Վանեցյանի հոր դեմ քրեական գործ կա հարուցված, իսկ նրա բիզնեսին առնչվող քրեական գործ հարուցված լինել-չլինելու վերաբերյալ տեղեկությունը խոստացան ճշտել եւ տեղեկություններ հայտնել ավելի ուշ: Մեր տեղեկություններով՝ քրեական գործը հարուցել է նախկին դատախազ, Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ, պետի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:
Պետական վերահսկողության ծառայությունից մեզ հայտնեցին, որ պարոն Քյարամյանն այդ ժամանակահատվածում չի աշխատել դատախազության համակարգում։
Մենք հետաքրքրվել էինք նաեւ, թե Արգիշտի Քյարամյանն ինչ տեղեկություններ ունի այդ քրեական գործից, ինչին ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ այդ տվյալները կարող են հանդիսանալ նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով կարող են հրապարակվել նախաքննական մարմնի թույլտվությամբ։
Աղբյուր՝ aravot.am