«Մտածում եմ ընտանիք ստեղծելու մասին»․ Աստղիկ Սաֆարյանը՝ 33-ամյակի և նոր աշխատանքի մասին
«Մտածում եմ ընտանիք ստեղծելու մասին»: Աստղիկ Սաֆարյանն այսօր նշում է 33-ամյակը՚ Երգչուհու խոսքով՝ տարեդարձը տոնել չի սիրում, սակայն այս օրն անակնկալները գալիս ու գտնում են իրեն։ Այս տարի Աստղիկն օրը նշնակավորել է նաև տեսահոլովակի պրեմիերայով։ Tert.am Life-ը երգչուհու հետ զրուցել է տարեդարձի, ընտանիք կազմելու ցանկության և նոր տեսահոլովակի մասին։
Ըստ Աստղիկի՝ 30-ի սահմանը հատլուց հետո կնոջ մեջ ցանկություն է առաջանում կարիերան համատեղել ընտանիքի հետ։ Ինքն էլ բացառություն չէ և աշխատանքային հաջողությունները ցանկանում է լրացնել ընտանեկան երջանկությամբ։
«Իրականում մինչև տարիքային այս շրջանը երբեք ընտանեկան հարցերին չեմ անդրադարձել, կենտրոնացած եմ եղել միայն կարիերայի վրա, հարյուր տոկոսով ներդրված եմ եղել աշխատանքի մեջ։ Սակայն եկել է ժամանակ, երբ պետք է մտածել նաև ընտանիք ստեղծելու մասին։ Պետք չէ միայն կարիերայով սահմանափակվել։ Ինձ համար և՛ կարիերան, և՛ ընտանիքը հավասարապես կարևոր են։ Որպես կին՝ սկսում ես մտածել ընտանեկան երջանկություն ունենալու մասին, ուզում ես փորձել ընտանիք ստեղծել»,- ասաց երգչուհին։ Իր սիրտն այժմ զբաղվա՞ծ է, թե՞ ոչ, երգչուհին բացահայտել չցանկացավ։
Աստղիկի խոսքով՝ ցանկությունը կա, սակայն չի սիրում որևէ բան պլանավորել, վստահ է՝ այն, ինչն իր համար է նախատեսված՝ կլինի ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Աստված յուրաքանչյուր մարդու համար նախատեսում է մի բան, որը պետք է պատահի տվյալ մարդուն հարմար ժամանակին։ Չեմ կարծում, որ պետք է շտապել կամ հակառակը՝ ուշացնել, պետք է ուղղակի սպասել։ Ինքս հուսով եմ, որ այն ամենը, ինչ ցանկանում եմ՝ կլինի իմ սրտով ու կստացվի ճիշտ ժամանակին»,- ասաց Աստղիկը։
Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե իր ցանկությունը որքանո՞վ է կապված մեր իրականությունում տարածված կարծրատիպի, օրինակ, «տանը մնալու» հետ։ Երգչուհին ծիծաղելով պատասխանեց, որ երբեմն փորձում է զուգահեռներ անցկացնել շատ ամուսնացած կանանց և իր տարբերակի միջև և հասկանում է, որ իր տարբերակն ավելի լավ է:
«Շատ-շատ ամուսնացած կանայք կան, որոնք ամբողջ օրը տանն են և ոչնչով չեն զբաղվում։ Նման տեսակի կանանց ավելի շատ եմ համարում «տանը մնացած», քան այն աղջիկներին, որոնք ազատ են, ապրում են աշխատանքային կյանքով, զբաղվում են իրենց կարիերայով, սիրելի գործով։ Այսինքն՝ զբաղվածությունը, երբեմն, այնքան մեծ է լինում, որ ժամանակ չի մնում անձնականի մասին մտածելու համար։ Կարծում եմ՝ ավելի լավ է այսպես, քան լինել ամուսնացած, բայց, օրինակ, ամբողջ օրը չտեսնել ամուսնուն։ Կանայք կարող են տանը մնացած լինել ամուսնացած լինելով հանդերձ, այսպիսի հակասություններ գոյություն ունեն մեր իրականության մեջ»,- ասաց նա:
Ըստ երգչուհու՝ տարեդարձը չնշելը կապված չէ մեծանալու հետ, քանի որ երբեք չի խուսափել մեծանալուց։ «Երբեք նման հոգեբանական խնդիր չեմ ունեցել, այդ ամենին բավականին թեթև եմ վերաբերվում։ Առհասարակ, նախընտրում եմ հանգիստ միջավայրում լինել: Կարծում եմ՝ տարեդարձս չնշելու ցանկությունս դրանով է պայմանավորված»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ, անկախ ամեն ինչից, իր համար տարեդարձները միշտ հետաքրքիր ու անակնկալներով լի են անցնում։
ստղիկի խոսքով՝ տարիներ առաջ նախապես էր պլանավորում տարեդարձի խնջույքը, ինքն էր անականկալներ պատրաստում, հիմա ճիշտ հակառակն է․ «Եթե նախկինում ծրագրում էի, թե ինչպես եմ տոն սարքելու այդ օրը, հիմա հասկացել եմ, որ նախապես չպլանավորելը, որևէ բան չկազմակերպելը հնարավորություն է տալիս իսկապես վայելելու օրդ։ Ինձ համար ամեն օրն էլ տարեդարձ է, քանի որ մենք արթնանում ենք, մեր աչքերը բացում ենք, և դա էլ իր տեսակի մեջ ծնունդ է»։
Իր ներկայիս տարիքին երգչուհին փիլիսոփայերեն է մոտենում․ «33-ը Հիսուսի տարիք է և, ասում են, որ այդ տարիքում կամ ավարտվում են տառապանքները, կամ սկսվում։ Հուսով եմ ՝ինձ մոտ առաջին տարբերակը կլինի, սկսած այս օրվանից՝ ես կլինեմ մի քանի անգամ ավելի երջանիկ, ավելի ուրախ, քան եղել եմ»։
Երգչուհու համար օրվա առաջին կեսը աշխատանքային է եղել, քանի որ նա տարեդարձի օրը հանդես է եկել Suerte երգի տեսահոլովակի պրեմիերայով: Աստղիկի խոսքով՝ երգի վերնագիրը նշանակում է «Հաջողություն», այն պատմում է սիրո գնահատման մասին։ Սա Աստղիկի ստեղծագործած առաջին իսպանալեզու երգն է։
«Տեսահոլովակի նկարահանումներն իրականացրել ենք Բարսելոնայում։ Այն նկարահանել է իսպանացի ռեժիսորների և օպերատորների թիմ։ Համագործակցել եմ իսպանացի ռեժիսորների՝ Էդու Մեմբրիվե Կամոսի և Անդրես Մարտինես Վարգասի հետ։ Երգի երաժշտության հեղինակն իմ մանկության ընկերը՝ Վահան Գրիգորյանն է, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը։
Երբ նա ուղարկեց երգը, որպեսզի լսեմ, ինձ մոտ վոկալ մեղեդիի գաղափարներ առաջացանև ակամայից ծնվեցին բառերը։ Չնայած հինգ տարի ապրել եմ Իսպանիայում, այդ լեզվով դեռ չէի ստեղծագործել»,- ասաց Աստղիկն ու հավելեց, որ չնայած տեսահոլովակը նոր է թողարկվել, արդեն հասցրել է դրական արձագանքների արժանանալ։
Աղբյուր՝ tert.am