Մամուլ

43 հոգու թունավորման պատճառով դադարեցվեց «Դվին» ռեստորանի գործունեությունը

43 հոգու թունավորման պատճառով դադարեցվեց «Դվին» ռեստորանի գործունեությունը՝ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատխազության հանրային կապերի բաժնից, Կարեն Գաբրիելյանի հանձնարարությամբ անմիջապես դեպքին ներգրավվել է քննիչ, ստեղծվել է քննչական խումբ, քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, ինչի արդյունքում 2 և ավելի անձանց առողջությանը պատճառվել է վնաս:

Կատարված զննությամբ ռեստորանային համալիրում գտնվող բոլոր սեղաններից վերցվել են բոլոր տեսակի սնունդներից նմուշառումներ, որպես մասնագետներ ներգրավվել են Գյումրու սննդի անվտանգության տեսչության և Սանէպիդի մասնագետները:

Նախաքննության փուլում կպահանջեն նրանց կողմից կատարված հետազոտության արդյունքները: Նշանակվել են տարբեր փորձաքննություններ:

Քննիչի կողմից կնիքվել են սառնարանների, խոհանոցների դռների և մուտքի դուռը:

Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին 7:50-ի դրությամբ հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որից 43-ը միջամտություն ստանալուց հետո գնացել են տուն։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» ռեստորանի հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել էր. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ըստ ԱԻՆ տվյալների՝ թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի:

Կիսվել