Թող փառքի մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն. Տիգրան Մանսուրյան
Թող փառքի մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն. Տիգրան Մանսուրյան:
«Ես հլու-հնազանդն եմ այն հրաշալի միջոցառումների, որ իրականացվում է հիմա՝ համերգների շարքը, համերգային ծրագրերը, կատարողների ընտրությունը: Մեծապես ուրախացնում են ինձ, անշուշտ, և ես դառնում եմ յուրովի մասնակիցն այս ամենին՝ փորձերին մասնակցելով, ճամփորդելով»,- անդրադառնալով իր 80-ամյակին նվիրված միջոցառումներին՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ասել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:
Դիտարկմանը, թե համադրությունը կինոերաժշտության և ակադեմիական երաժշտության, ձեզ դուր է գալի՞ս, նա պատասխանել է, թե ժամանակ կար, երբ այդ բաներն ինքն իր հետ քննարկում էր, դրանց շուրջ մտմտում, սակայն հիմա այլևս ոչ, քանի որ բոլորն էլ իր զավակներն են: Մաեստրոն տեղեկացրել է նաև, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում առաջին համերգ են իրականացնելու, որն էլ հնարավոր է ձայնագրվի և առանձին խտասալիկով ներկայացվի հանրությանը:
Իսկ ի՞նչ է փառքը՝ հարցին Մանսուրյանն այսպես է պատասխանել. «Թող դրա մասին խոսեն նրանք, ովքեր այդ զգացումն ունեն, որ իրենք փառքի մեջ են»:
Դիտարկմանն էլ, թե հիմա դուք չեք զգո՞ւմ այդ մեծարումը, փառքը, Մանսուրյանը հիշել է Անդրե Մորուային. «Անդրե Մորուան իր հոդվածներից մեկում հիշում է, թե ինչպես իր առաջին գիրքը մեծ աղմուկ հանեց, և երբ իր ուսուցչին ուղարկել են այդ գիրքը նվեր, ասել է՝ այսպիսի գովեստ քո երկրորդ, երրորդ գրքերի հետ կապված չսպասես, սա լինում է մե´կ ամենասկզբում, մե´կ ամենավերջում: Հիմա, եթե վերջին գոհունակության զգացումներն են եկել… բայց նաև վերջինն են դրանք»:
Մաեստրոյի խոսքով՝ տարիքն առհասարակ իմաստնություն է նաև և դրա մեջ իրապես կա ճշմարտության մի հատիկ, որ դու հասնում ես 80-ին և, ըստ երևույթին, այդ վաստակի հարցը առաձգական է: Ըստ Մանսուրյանի՝ 80-ը ստիպում է քեզ դրան վերաբերել քո տարիքի կենսափորձի բարձունքից:
«Գիտեք, ես մենակ եմ ապրում տանն արդեն 15 տարի, կուզենայի տանը լիներ մեկը, որ գնայի, ասեի՝ այսպես եղավ: Դու միշտ հաշիվ ես տալիս քո ընտանիքին, ամենամոտ մարդուն: Ես նաև ընտանիքից դուրս կուզեի իմ այս իրադրությունը՝ այս տարիքի հետ կապված կիսել Ղազարոս Սարյանի հետ, որի մոտ ես սովորեցի 7 տարի, որին ես պարտական եմ»,- շեշտել է կոմպոզիտորը:
Աղբյուր՝ Shantnews.am