Բուհերում պահանջում են վճարել վարձը ամբողջությամբ՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցել դասերին․ Տիգրան Ուրիխանյան
«Բուհերում գրեթե համատարած ուստարվա սկզբին պահանջում են վճարել վարձը կամ ամբողջությամբ կամ առնվազն կեսը՝ սպառնալով չթույլատրել ուսանողների մասնակցությունը ուսումնական պրոցեսին։ Մինչդեռ ուսման վարձի վճարման կարգի փոփոխությունն օրենքով անձամբ եմ իրականացրել, որը վաղուց ուժի մեջ է և ոչ թե ձևի համար, այլ մարդկանց կյանքը թեթևացնելու նպատակով»։
Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Նա գրել է․
«Այն պարտադիր է բոլորի համար, իսկ եթե ոմանք ուսանողների առաջ դնում են ապօրինի գումարային պահանջ կոնկրետ սպառնալիքով, դա արդեն շորթման տպավորություն է թողնում։
Ընդգծում եմ, որ դիմել են ոչ թե մի քանի տասնյակ, այլ մի քանի հարյուր մարդ՝ նշելով կոնկրետ տվյալներ։ Հատուկ նշում են, որ այս խնդիրը լուծվելու է ուզեք, թե չուզեք, ստիպելու եմ մինչև բոլոր ուսանողների մոտ հարցը կարգավորվի։ Հերի´ք եղավ ձևականությունների»։