Շոու-բիզնես

Արամը ինքնաթիռի մեջ ասաց՝ արի ամուսնանանք. Էմմա Պետրոսյան

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը: Նա անդրադարձել է կին-տղամարդ հարաբերություններին, խոստովանել, թե ինչի համար է ափսոսում, նշել, թե երբ է եղել իր կյանքի շրջադարձային փուլը:

-Էմմա՛, Ձեզ հիշում եք` սկսած ո՞ր տարիքից:

-Մանկապարտեզային տարիքից, երեւի 4 տարեկանից: Որոշ դրվագներ են տպավորվել: Հիշում եմ ինձ բակում, ծնողներիս հետ, ոչ Երեւանում, մանկապարտեզի հանդեսներին, դպրոցի մասին երազելիս:

-Մանկությո՞ւն, պատանեկությո՞ւն, թե՞ երիտասարդություն. ո՞րը կվերադարձնեիք:

-Ուսանողական տարիներս:

-Դժվարությամբ եք ներում մարդկանց, որոնք…

-Ժամանակին դժվարությամբ էի ներում, ավելի զգացմունքային էի, բայց հասունանալով` շատ բան փոխվեց, նոր, շատ ավելի կարեւոր բաներ գտա իմ մեջ, քան զգացմունքայնությունն է:

-Բնության մեջ Ձեր տեսած ամենաուշագրավ բանը ո՞րն է եղել:

-Բեյրութում տեսել եմ մի ֆանտաստիկ լեռ, որտեղ տարիների ընթացքում ջուրը կաթալով քայքայել է ներսը, լիճ է գոյացել, եւ ես նավով շրջել եմ այդ տարածքում: Այդտեղ բեկորները սառցի են նման, որոնք կարծես ինքը` բնությունն է քանդակել: Դա մի վայր է, որտեղ մարդու ձեռք չի կպել:

-Ի՞նչը կփրկի աշխարհը:

-Միանշանակ, սերը:

-Միշտ պատրաստ եք օգնել նրանց, ովքեր…

-Կանչում են, ձեռք են պարզում, ունեն իմ օգնության կարիքը, որվքեր սպասում են ինձ: Իհարկե, որոշ առումով սպասում եմ նաեւ երախտապարտ վերաբերմունքի` ժպիտի կամ շնորհակալության, ձեռքսեղմումի տեսքով: Դա նոր թեւեր է տալիս ինձ:

-Շատ եք զղջում կամ ափսոսում այն բանի համար, որ…

-Գուցե ինձնից էր, գուցե ոչ, ափսոսում եմ, որ Աստված ասաց` մի տղայով բավարարվեք: Պահեր կան, երբ մտածում եմ` այ եթե ես մի քիչ ուշադիր լինեի, այսինչ բանը այսպես չանեի, գուցե այլ կերպ ստացվեր ամեն բան: Այսինքն` ափսոսանքից զատ իմ վերաբերմունքի մեջ կան նաեւ զղջումի կաթիլներ:

-Սովորաբար Դո՞ւք եք հեռանում, թե՞ Ձեզանից:

-Ես եմ հեռանում: Ինտուիցիաս, հոտառությունս օգնում են ինձ եւ ասում են` գնա: Երբ ասում են` ներքին ձայնին լսի՛ր, դա ճիշտ է:

-Ձեր կյանքի շրջադարձային փուլը ե՞րբ էր:

-Երբ Կոնսերվատորիայում կոմպոզիտոր ուսանողների համար նախատեսված մրցույթին գնացի, ասացի, որ ունեմ երգեր եւ ուզում եմ ներկայացնել մրցույթին (ես հիմա զարմանում եմ իմ համարձակությունից, մտածում եմ` այդ ինչ պայթեց իմ մեջ, որ գնացի այդ քայլին), հետո դրանք ձայնագրելու առաջարկ ստացա, ապա մեկնեցի Փարիզ:

Ընդ որում, բոլորովին պատրաստ չէի գնալ Փարիզ, մասնակցել Ազնավուրի ծննդյանը նվիրված նկարահանումներին: Այդ փուլը շրջադարձային էր նաեւ նրանով, որ իմ կյանքում հայտնվեց Արամը եւ ինքնաթիռի մեջ ասաց` արի ամուսնանանք:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել