ԱշխարհՄշակույթ

Հայ լինելը երջանկություն է. թուրք տղան տատիկի խորհրդով հայուհու հետ է ամուսնացել. ֆոտո

Հայ լինելը երջանկություն է. թուրք տղան տատիկի խորհրդով հայուհու հետ է ամուսնացել։ Թուրքիայի քաղաքացի Ալի Յալչինկայան օրեր առաջ Դոնի Ռոստովի հնագույն հայկական եկեղեցում ամուսնացել է հայուհի Իզաբելայի հետ։ Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է արևելագետ, լրագրող, «Անտիտոպոր ինֆո» հարթակի հիմնադիր Վադիմ Հարությունովը։

«Այսօր մեզ  մոտ ուրախալի իրադարձություն է։ Սանիկս՝ Ալի Յալչինկայան, ամուսնացավ հայուհու հետ։ Մի քանի րոպե առաջ Դոնի Ռոստովի հնագույն Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ Ալիի ու Իզաբելայի պսակադրությունը։ Երեկոյան հավաքվում ենք հարսանիքը նշելու։

Մի քանի տարի առաջ ինձ հետ կապ հաստատեց մի երիտասարդ Թուրքիայից։ Նա ասաց, որ իր նախնիները թրքացած հայերն են եղել։ Դեռ ողջ է Անիկ տատը, որը տարիներ շարունակ թաքցրել է իր ծագումը։ Բաց նա չի թաքցրել իր անցյալը թոռներից ու ծոռներից։ Անիկը երազում էր, որ թոռները նորից հայ դառնան։ Նա ասել է, որ Թուրքիայում դեռ շատ են ծպտյալ հայերը։

Ալիին ինձ մոտ հրավիրեցի, եկավ։ Ռուսաստանում բուհ ընդունվեց։ Շուտով մկրտեցինք նրան Հայ առաքելական եկեղեցում, այնտեղ նա Գասպար անունը ստացավ։

Հայ լինելը

Անիկ տատը չի եկել, արդեն ծեր է։ Բայց օգոստոսի 10-ին հարսանիքը շարունակվելու է Թուրքիայում՝ Ալի-Գասպարի տանը։ Իսկ մեղրամիսը Ալին ու Իզաբելան պատրաստվում են անցկացնել Հայաստանում։

Իսկ հաջորդը Ալթանն ու Այլան են։ Նրանք քույր ու եղբայր են, իրենց նախնիներն էլ են հայ եղել։ Իսկ դա նշանակում է, որ էլի եմ Թուրքիայի քաղաքացի սանիկներ ունենալու։ Եվ դա լավ է։ Աթաթուրքը մի անգամ թուրքերին ազգանուն տալուց ասել է․ «Ինչ երջանկություն է թուրք լինելը»։ Իսկ ես այլ կերպ կասեմ․ «Ինչ երջանկություն է հայ լինելը», – պատմել է Հարությունովը։

Կիսվել