Շոու-բիզնես

«Ես ու Սարգիսը չենք հաշվարկել մեր օգուտները»․ Քրիստինա Եղոյանը՝ առաջիկա ծրագրերի և ԱՄՆ-ում գործուներություն ծավալելու մասին

«Ես ու Սարգիսը չենք հաշվարկել մեր օգուտները»: Քրիստինա Եղոյանը վերջին շրջանում պարբերաբար ներկայացնում է երաժշտական պրեմիերաներ։ Օրերս դերասանուհին զուգերգով հանդես եկավ երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ՝ ներկայացնելով «Դու կյանք ես» երգի տեսահոլովակը։

Քրիստինան Tert.am Life-ի հետ զրույցում խոսել է աշխատանքային ներկայիս փուլի, «Ֆուլ հաուս» նախագծից հետո ստեղծագործական ծրագրերի և երգարվեստում հաջորդ քայլերի մասին, իսկ ահա կոմերցիոն և անձնական թեմաների մասին հարցերը դերասանուհին նախընտրեց շրջանցել։

Քրիստինան ներկայումս ստեղծագործական բուռն ընթացքի մեջ է, առայժմ նա գործունեություն է ծավալում միայն երաժշտական ասպարեզում։ Որպես դերասանուհի՝ ներկայանալու ծրագրեր ունի, սակայն թե ինչ նախագծեր կլինեն և ինչ ժամկետներում՝ դժվարանում է նշել։ Քանի որ ժամանակի հիմնական հատվածը դերասանուհին տրամադրում է երաժշտությանը՝ հետաքրքվեցինք՝ հետագայում նախապատվությունը կտա երգարվեսի՞ն, թե՞ դերասանական կարիերային։ «Երկու մասնագիտությունն էլ կարևոր են ինձ համար, դժվարանում եմ ասել, թե որն եմ ավելի կարևորում,- ասաց Քրիստինան ու հավելեց, որ ներկայումս զբաղված է նոր երգի նախապատրաստական աշխատանքներով,- իմ և Սարգիս Ավետիսյանի զուգերգի պրեմիերայի հաջորդ օրվանից սկսել ենք աշխատել նոր երգի վրա: Հաջորդ աշխատանքս ներկայացնելու եմ սեպտեմբերին: Հիմա զբաղվում եմ երգի ձայնագրությամբ և գործիքավորմամբ»:

Իր հարցազրույցներում երգչուհին պարբերաբար նշել է, որ ժամանակին  ժողովրդական երգեր է կատարել և միայն վերջին տարիներին է սկսել էստրադային ժանրի ստեղծագործություններ ներկայացնել։ Թե ի՞նչն է պատճառը, որ ներկայումս Քրիստինան նախապատվությունը տալիս է էստրադային ժանրին, դերասանուհին դժվարացավ պատասխանել, փոխարենն ասաց, որ նաև ժողովրդական երգեր ներկայացնելու ցանություն ունի․ «Կարծում եմ՝ իմ երգացանկում կլինեն նաև ժողովրդական երգեր»:

Քրիստինա Եղոյան Սարգիս Ավետիսյան

Անդրադառնալով Սարգիս Ավետիսյանի հետ զուգերգին՝ Քրիստինան ասաց, որ գաղափարն Սարգսի պրոդյուսերինն  է՝ Արսեն Աղամիրյանինը․ «Ես սիրով համագործակցել եմ, որպեսզի միասին ստանանք շատ գեղեցիկ և որակյալ աշխատանք»։ Հարցին, թե կոմերցիոն տեսանկյունից կատարողներից ո՞ւմ համար էր ավելի ձեռնտու այս համագործակցությունը, նա պատասխանեց․ «Մենք չենք հաշվարկել մեր օգուտները, պարզապես ներկայացրել ենք գեղեցիկ երգ և գեղեցիկ տեսահոլովակ»:

«Ֆուլ հաուս», «Դեպի երազանք» նախագծերի շրջանակում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանի հետ աշխատելուց բացի Քրիստինան նրա հետ համագործակցում էր նաև որպես երգչուհի: Թե ինչո՞ւ ներկայումս չի համագործակցում պրոդյուսերի հետ, Քրիստինանշրջանցեց, սակայն նշեց, որ չի բացառում Արմեն Պետրոսյանի հետ հետագա համագործակցությունը: «Հնարավոր է՝ լինեն այլ նախագծեր կամ համագործակցություն,- ասաց նա ու հավելեց, որ առաջարկն ընդունելիս ունի իր չափորոշիչները,- նախ՝ պետք է կարողանամ ամբողջությամբ ընկալել նախագծի միտքն ու ասելիքը»:

Քրիստինան վերջին շրջանում  հաճախ է մեկնում ԱՄՆ, որտեղ բնակվում է դերասանուհու ընտանիքը։ ԱՄՆ-ում գործունեություն ծավալելու ցանկության կամ նախաձեռնության մասին հարցին ի պատասխան՝ Քրիստինան ասաց, որ ամեն բան  ցույց կտա ժամանակը։

Աղբյուր՝ tert.am

Կիսվել