Խախտումներ կատարած վարորդները 6 ամսով, կամ 1 տարով կզրկվեն վարորդական իրավունքից
Խախտումներ կատարած վարորդները 6 ամսով, կամ 1 տարով կզրկվեն վարորդական իրավունքից ։ ՀՀ ոստիկանությունը լայնածավալ փոփոխություններ է առաջարկում ճանապարհային երթևեկության և անվտանգության մի շարք օրենքներում։
Նոր օրենքով նախատեսվում է 100 խախտումներից 26-ի դեպքում նվազեցնել այսօր գործող տուգանքների չափերը` 10-ի դեպքում` մինչև 50 տոկոսով, 16-ի դեպքում ` 50 և ավելի տոկոսով։
Բայց տուգանքները մեղմելուն զուգահեռ ներդրվելու են երթևեկության անվտանգությունն ապահովող այլ միջոցներ` մասնավորապես` տուգանային միավորներ։
Վարորդական իրավունք ստացող վարորդին տրվելու է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազելու են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։
Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորները սպառվեն, նա 6 ամիս ժամկետով կզրկվի վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվելու է և դարձյալ տրվելու է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվելու է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվելու է միայն քննություն հանձնելուց հետո։
Այսպես` 5000 տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալ։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ–ով գերազանցելը, որի համար գործող օրենքով նախատեսված է 100 000 դրամ տուգանք։ Իսկ 4 միավոր հանվելու է սահմանված արագությունը 51-80 կմ/ժամ–ով գերազանցելու և անսթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար։