Վարչապետ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է անհրաժեշտ միջոցները՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերների հետ հանդիպումներում, այդ թվում՝ Դավոսում, մի շարք հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների անձամբ է հրավիրել մասնակցելու կոնգրեսին:
Կառավարության ղեկավարը կարևորել է այս բնագավառի ամենահեղինակավոր միջոցառման անցկացումը մեր երկրում և ընդգծել, որ այն ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանի դիրքն ընդլայնելու և ամրապնդելու լավ հնարավորություն կտա:
Զրուցակիցները քննարկել են նաև ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտի զարգացումը լինելու է կառավարության առաջնայնություններից մեկը, և պետությունը շահագրգռված է շարունակելու սերտ համագործակցությունն այս բնագավառի ընկերությունների հետ:
WCIT-ը տեղեկատվական և հեռահաղորդակցական ոլորտի ամենահեղինակավոր համաժողովն է, որի հիմնական նպատակն է քննարկել ոլորտի հրատապ հարցերը և մարտահրավերները, ցույց տալ իրավական, քաղաքական և տնտեսական գործընթացների ազդեցությունը տեխնոլոգիական բիզնես մոդելի վրա:
Համաշխարհային կոնգրեսին մասնակցում են ոլորտի ընկերությունների ղեկավարներ, ձեռներեցներ և բիզնես առաջնորդներ, պետական-քաղաքական այրեր, գիտական-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ և այլք:
Համաժողովի ընթացքում կազմակերպվում են հանդիպումներ, անցկացվում է ցուցահանդես, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր երկրի տեխնոլոգիական լուծումները: Սպասվում է, որ կոնգրեսին կմասնակցի մի քանի հազար ընկերություն` աշխարհի 80 երկրից: