Մենք նախատեսում ենք տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանում ներդրումային գրավչություն ունեցող ոլորտները` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, այլընտրանքային էներգետիկա, ջրամբարաշինություն, սննդի վերամշակում, տեքստիլ և թեթև արդյունաբերություն, գինեգործություն և այլն:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` այսօր Հայաստանում չկա մի ոլորտ, որտեղ ներդրումներ իրականացնելու ցանկության դեպքում որևէ խոչընդոտ լինի, և չկա սեփականության վերաբաշխման որևէ օրինակ. քաղաքական փոփոխություններից հետո սրանք տնտեսական ամենակարևոր արձանագրումներն են: 

«Հայաստանում սեփականության իրավունքը երաշխավորված և պաշտպանված է: Մեր ուղերձը հետևյալն է` դուք ազատված եք բոլոր հնարավոր կոռուպցիոն պարտավորություններից, որ եղել են նախկինում: Բոլոր ներդրողների նկատմամբ ունենք նույն վերաբերմունքը և ասում ենք` եկեք Հայաստան, ներդրումներ արեք, հարստացեք և հարստացրեք», – նշել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Քննարկվել են տարբեր` այդ թվում նաև ՏՏ, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, աղբահանության, փոխադրումների բնագավառներում հնարավոր ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր:

Գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ վերջին շրջանում հաճախ այցելել են Հայաստան և կարող են արձանագրել` մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները դրական մթնոլորտ են ձևավորել Հայաստանի շուրջ. բարձրացել է ՀՀ ներդրումային գրավչությունը, մեծացել է օտարերկրյա ներդրողների հետաքրքրվածությունը երկրում տնտեսական գործունեություն ծավալելու համար ստեղծվող հնարավորությունների նկատմամբ:

Համագործակցության հնարավորությունների շուրջ մտքերի փոխանակության ամփոփման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել` աշխատանքային քննարկումներ ծավալել և գերմանական տնտեսական պատվիրակության` ապրիլին կայանալիք այցից առաջ ուրվագծել կոնկրետ ուղղություններ և ծրագրեր, որոնց շուրջ արդեն Հայաստանում առարկայական քննարկում կլինի:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր` տեղեկատական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան և գերմանական բիզնես ասոցիացիաների միջև համագործակցության վերաբերյալ: Այն ստորագրել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը և ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը:

Հուշագրով նախատեսվում է խորացնել ՏՏ բնագավառում փոխգործակցությունը, սերտացնել ոլորտի ընկերությունների միջև կապերը, իրականացնել համատեղ ծրագրեր: Փաստաթղթի համաձայն` կողմերը կհամագործակցեն նաև Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի շրջանակում:

Հայաստանի վարչապետի երկօրյա պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ավարտվել է: