Հիվանդանոցում մահացել է ցմահ դատապարտյալ, քաղբանտարկյալ Արմենակ Մնջոյանը
Սույն թվականի Հունվարի 6-ին հիվանդանոցում մահացել է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը։
Արմենակ Մնջոյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 1-ին: Ունի 1 դուստր, առաջնեկ որդին մահացել է 1999 թվականին: Նա անկախ Հայաստանի առաջին դատապարտյալներից է, ում քաղաքական բանտարկյալ են կոչում: Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո Մնջոյանը հետապնդվել է ՀՀՇ-ական իշխանության կողմից:
1995 թվականին Դրոյի գործով ձերբակալվել է և 1996 թվականին դատապարտվել է մահապատժի: 2003 թվականի օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
«Այս տարիներին Մնջոյանը կորցրել է երեխային, ծնողներին և ոչ մի արարողության ներկա չի գտնվել»․ կինը՝ Լյուդմիլա Մնջոյանը, մեզ մանրամասներ է պատմում ամուսնու կյանքից մինչ ձերբակալությունը: Պատերազմից վերադառնալուց հետո Մնջոյանի կյանքը խաղաղ չի եղել: 1994 թվականին նրա նկատմամբ 6-7 մահափորձ է իրականացվել կրակոցներ մեքենայի վրա և ձեռքին։
Դատավարությունը տևեց 1 տարի 7 ամիս: Իրեն քաղբանտարկյալ հայտարարած Արմենակ Մնջոյանը նախորդ տարիներին դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, սակայն մերժվել է: Թավշյա հեղափոխությունից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ նա ու էլի մի քանի ցմահ դատապարտյալներ վաղաժամկետ ազատ են արձակվելու, սակայն այդպես էլ իրականություն չդարձավ։
2014 թվականին ՀՀ երեք նախագահներին ուղղված նամակում Մնջոյանը խոսում է, թե ինչպիսի վնաս են հասցնում անկատար օրենքները.
«Օրենքները պիտի բխեն խղճից և ոգուց, որոնք ունակ պիտի լինեն նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի վերաշինման, նրա ոգու ուժեղացման ու ազգային ինքնության գիտակցումին: Եվ քանի դեռ մենք չենք գիտակցելու արդարության, ճշմարտության, արժանապատվության ու ազատության մեր միակ ու անփոխարինելի տիրոջ իրավունքին տեր լինելու հրամայականը, շարունակաբար տառապելու ենք անարդարության արնաշաղախ ճիրաններում, ստրկացվելու ենք սեփական ազգի տականքի կողմից, հալածվելու ենք ստի, կեղծիքի ու բանսարկուի զազրելի հետապնդումներից և ոչնչանալու ենք ճորտի ու ստրուկի անփառունակ նահատակությամբ»:
Աղբյուր՝ forrights.am