«Եկել եմ՝ ասեմ, որ սիրում եմ բոլորիդ»․ Տատիկի օրհնանքները՝ ընտրատեղամասում
Նելսոն Ստեփանյանի անվան դպրոցում տեղակայված Երևանի 9/40 ընտրատեղամասում քվեախցիկներին մոտեցած քաղաքացիները տեղյակ չէին՝ ինչպես պետք է ընտրել։ Մեծահասակ կինը չգիտեր՝ ինչպես ընտրել և հանձնաժողովի անդամները փորձել են հասկանալ՝ ով կարող է օգնել տատիկին:
Քաղաքացիներից մեկին հանձնաժողովը գրանցել է որպես օգնող ու փորձել օգնել կնոջը։ Նրանք մոտեցել են քվեախցիկին, օգնող քաղաքացին ներկայացրել է, որ ընտրություններին մասնակցում է 11 ուժ, թվարկել՝ ովքեր են, բայց տատիկը ասել է, որ չի եկել ընտրելու, եկել է ասելու, որ սիրում է բոլորին։
«Եկել եմ՝ բոլորին ասեմ, որ սիրում եմ», – ասել է տատիկը։
Հանձնաժողովի անդամների բնորոշմամբ՝ քաղաքացին համարվեց չկողմնորոշված և նրան օգնող գրանցված անձի օգնությամբ ծրարը դատարկ գցեցին քվեատուփ։
Կինը, բոլորին օրհնելով, հեռացավ ընտրատեղամասից։
Աղբյուր՝ 24news.am