Ես անկուսակցական եմ եղել, պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից՝ ընտրություններին նոր, թարմացված թիմով գնալու համար․ Քոչարյան
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է կուսակցություն ստեղծելու և ընդդիմադիր դաշտում գործելու մտադրության մասին: Պատասխանելով հարցին՝ պատրաստվո՞ւմ է սեփական կուսակցությունը ստեղծել, Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է այդ մասին մտածել»:
ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ կուսակցությանն անունը սկզբունքային չէ: «Սկզբունքային են այն մոտեցումները, որոնք հարկավոր է ադապտացնել: Հիմա ես ընդդիմադիր դաշտում լուրջ վակուում եմ նկատում և ենթադրում եմ, որ այն հարկավոր է լրացնել՝ ելնելով երկրի շահերից»,- հավելել է Քոչարյանը: Նա նաև ընդգծել է, որ որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտում չունի:
«Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի իմ մասնավոր կյանքով չէի ապրի: Իրավիճակն այնպես է զարգանում, որ քեզ ներքաշում է գործընթացի մեջ, որից չես կարող խուսափել կենսագրության, խառնվածքի և կյանքի նկատմամբ վերաբերմունքի պատճառով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Խոսելով սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել չցանկանալու մասին՝ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել է, որ պարզապես չի հասցնում:
«Ես անկուսակցական եմ եղել, իսկ դա նշանակում է, որ պետք է կուսակցություն ստեղծեմ զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչը երբևէ եղել է: Նաև ես կցանկանայի ընտրությունների գնալ նոր, թարմացված թիմով: Սովորաբար որո՞նք են առաջնային գործողությունները, երբ ցանկանում ես թիմ հավաքել: Դու հայացքդ ուղղում ես այն մարդկանց վրա, որոնց ճանաչում ես, շրջապատին, որի հետ շփվել ես, աշխատել ես»,- նշել է Քոչարյանը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հարկավոր է ներգրավել նոր, տաղանդավոր, երիտասարդ ու էներգետիկայով լի մարդկանց. «Իհարկե, հարկավոր է նաև ներգրավել ինչ-որ մեկին հին թիմից, ում ճանաչում ես, ով քեզ հետ աշխատել է: Սակայն, ամեն դեպքում, հարկավոր է հենվել նոր սերնդի վրա, իսկ դա անելը հեշտ չէ, դրա համար ժամանակ է հարկավոր»: