«Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ». Վանեցյանը հավաստիացրեց, որ նա չի լքի երկիրը
«Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նրա խոսքով, այդ գործով ծավալները շատ մեծ են եղել. «Հիշում եք, երբ մեր տղաները հանում էին այդ պարկերը, այդ փաստաթղթերը: Տարոն Մարգարյանն այս փուլում դեռեւս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել. «Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը այդ նյութերը փոխանցել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով եւս կլինեն կոնկրետ միջոցառումներ»:
Հարցին՝ հնարավո՞ր է, Տարոն Մարգարյանին կանչեն ԱԱԾ ու պարզվի, որ նա երկիրը լքել է, Վանեցյանը շատ կարճ պատասխանեց. «Ոչ»:
Նյութի աղբյուրը՝ news.am