Նիկոլ Փաշինյանի կարևոր աջակցությունը Վեհափառին
1in.am-ը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ երեկ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ: Միջոցառումն ինքնին կարևոր է Հայաստանի-Սփյուռք հարաբերությունների, նոր Հայաստանի բովանդակությունը աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին ներկայացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանի ելույթն այս առումով տպավորիչ էր:
Սակայն երեկ տեղի ունեցած իրադարձությունը, իսկ ավելի ստույգ` Փաշինյանի ներկայությունը Հայ Առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը` Վեհափառի ընկերակցությամբ, խիստ կենսական է վերջին շրջանում եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:
Երբ հեղափոխության հաղթանակից հետո «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պահանջեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, վարչապետը երկու անգամ հրապարակավ հայտարարեց, թե եկեղեցին անջատ է պետությունից: Այլ խոսքով` Նիկոլ Փաշինյանը հստակ հասկացրեց, որ Հայրապետի հրաժարականի պահանջը դուրս է իր առաջնորդած հեղափոխության համատեքստից: Համենայն դեպս, կառավարության ղեկավարի ձևակերպումը հենց այդպես են հասկացել ռացիոնալ մտածողություն ունեցող բոլոր մարդիկ:
Սակայն հայտնի նախաձեռնության մեջ միավորված մի քանի տասնյակ ագրեսիվ մարդիկ, ըստ ամենայնի, այլ ընկալումներ ունեն և հուլիսի 6-ին դիմել են բռնության բացահայտ ակտի` ներխուժելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով։
Առավել մտահոգիչն այն է, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման անդամներն ակնհայտորեն օգտագործում են թավշյա հեղափոխության կարգախոսները, համատեքստը` մի կողմից վարկաբեկելով քաղաքական պատմական գործընթացը, մյուս կողմից` եկեղեցին, նրա հոգևոր, համազգային առաքելությունը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի լռությունը կարող էր վատ ուղերձ լինել` այն առումով, որ պետությունը իբրև թե դեմ չէ ագրեսիվ նախաձեռնության գործողություններին կամ նույնիսկ խրախուսում է դրանք:
Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան իր քայլով ավելի պերճախոս աջակցություն ցուցաբերեց Վեհափառին, քան դա կարող էր անել որևէ հայտարարությամբ, մանավանդ` աշխարհիկ պետության պարագայում իսկապես անթույլատրելի է իշխանության որևէ միջամտություն եկեղեցու կյանքին ու` հակառակը:
Իր պաշտոնավարման երկու ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ապացուցել է, որ կարողանում է արդյունավետ մեխանիզմներ գտնել` ճգնաժամերը հաղթահարելու նպատակով: Օրինակ` նա կարողացավ քաղաքական աջակցություն հայտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին` առանց Արցախի ինքնիշխանությունը կամ հասարակության կամքն անտեսելու:
Սա այն բնական առավելությունն է, որով օժտված է հանրային վստահության մանդատ ունեցող առաջնորդը»:
Աղբյուր՝ 1in.am