Մամուլ

Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին հարվածել է գյուղացուն մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով

Կոտայք գյուղում մեքենայի վրա ջուր ցողելու պատճառով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդին՝ Սերգեյ Գասպարյանը, հարվածել է Կոտայք գյուղի բնակիչ Ավետիք Սարգսյանին: Այս մասին գրում է Hetq.am-ը՝ նշելով, որ ահազանգ է ստացել Ավետիք Սարգսյանի կնոջից՝ Ցողիկ Փիլոյանից:

«Էրեխեքը Վարդավառ են խաղացել, աղջիկս մեքենայի վրա ջուր է լցրել, մեքենայից դուրս են եկել, էլեկտրաշոկ են բերել, թե ձեզ կվնասենք: Ամուսինս ա բալկոնից իջել»:

Ցողիկ Փիլոյանի խոսքով, ամուսնուն տարել են Ակունք գյուղի ճանապարհին գտնվող Վլադիմիր Գասպարյանի եղբոր ամառանոց, որտեղ եղել է նրա նկատմամբ բռնություն, հարված աչքին, գլխին: Ականատես է եղել նաև իրենց հարևանի ամուսինը, տեգոր տղային, ով զորակոչիկ է, մի կողմ են տարել: Ցողիկ Փիլոյանի փոխանցմամբ՝ իր ամուսնուն ասել են՝ «չոքի ներողություն խնդրի, կգանք մեծից փոքր կվերացնենք… եկավ տուն, արյուն էր թքում»:

Ավետիք Սարգսյանն արդեն եղել է ոստիկանության բաժնում, բողոք ներկայացրել: Տիկնոջ խոսքով՝ Կոտայքի մարզպետն է եկել. «Հիմա էլ Վովայի փեսա Ալիկ Մարգարյանը եկել է Աբովյանի բաժին, որ բարեխոսեն»:

Ավետիք Սարգսյանին տարել են «Աբովյան» ԲԿ, որտեղ հետազոտություններ են կատարվել, ապա ուղարկել են Երևան՝ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ նեյրովիրաբույժի մոտ:

Տեղեկատվությունը մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ նշելով, որ ոստիկանության Կոտայքի բաժնում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Աղբյուր՝ hetq.am

Կիսվել նյութով