ՄամուլՔաղաքականություն

Հայաստանը պատրաստ է պատերազմի. Նիկոլ Փաշինյանի հստակ ուղերձը

Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի. այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին.

«Արդեն ասել ենք, որ կուտակումներ կան, գիտեք, որ զորավարժություններ են տեղի ունենալու, իրենց հայտարարություններով՝ լայնամասշտաբ զորավարժություններ: Կարծում եմ՝ մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և իմ հրամանը հենց դա է եղել»,- ասել է վարչապետը:

Արցախի պաշտպանության բանակի մամլո ծառայությունը վերջին օրերին պարբերաբար տեսանյութեր է հրապարակում սահմանին հակառակորդի զինտեխնիկայի և մարդուժի ինտենսիվ կուտակումների վերաբերյալ: Ադրբեջանական կողմը հաղորդել է հերթական լայնամասշտաբ զորավարժությունների անցկացման մասին: Զորավարժությունները տեղի են ունենալու հուլիսի 2-6-ը: Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զորավարժություններում ներգրավված կլինեն մինչև 20 հազար զինվորական, մինչև 120 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի ավելի քան 200 հրթիռահրետանային համակարգեր, տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիայի մինչև 30 միավոր:

Բաքվի վերջին շրջանի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը հուշում են, որ Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի և այժմ հակառակորդը զբաղված է պատերազմի սանձազերծման, այսպես կոչված, արտաքին աջակցությունն ապահովելու հարցերով: Իհարկե, այս հարցում մեծ դերակատարություն վերապահված է մեր ԱԳՆ-ին, որի կարևոր առաքելություններից մեկը պատերազմի ռիսկերի չեզոքացումն է: Սակայն Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն ֆորս-մաժորային իրավիճակներին. պատերազմի և խաղաղության հարցերը կախված չեն հակամարտության միայն մի կողմից:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը միանգամայն ադեկվատ է տարածաշրջանային բարդ համատեքստին: Փաշինյանը մի կողմից չի հերքում պատերազմի հավանականությունը, մյուս կողմից` ցրում է հանրության բոլոր մտահոգություններն` ասելով, թե մեր Զինված ուժերը պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի:

Իհարկե, Հայաստանը պետք է անի առավելագույնը պատերազմից խուսափելու համար, մյուս կողմից` շատ ավելի կարևոր է պատրաստ լինել պատերազմին, որպեսզի չկրկնվի 2016-ի Ապրիլյան պատերազմի նախադեպը, երբ թշնամու ագրեսիան հնարավոր եղավ կանխել միայն սպաների ու զինվորների, արիության գնով:

2016-ի պատերազմը բացահայտեց Հայաստանի օլիգոպոլ համակարգի համապարփակ սնանկությունը` թե արտաքին քաղաքականության և թե բանակի մարտունակության իմաստով: Սերժ Սարգսյանի իշխանության կազմաքանդման նոր ազդակ դարձան հենց պատերազմի չորս օրերը` հասարակության համար բացահայտելով, որ առաջնագծում կանգնած զինվորը հարվածներ է ստանում թե առջևից, թե` թիկունքից, ընդ որում` դավադիր հարվածը, «ներքին թշնամուց» բխող ռիսկերն անհամեմատ վտանգավոր են:

Հիմա վիճակը փոխվել է արմատապես. թավշյա հեղափոխության հաղթանակից հետո հասարակական կոնսոլիդացիայի ռացիոնալ հիմքն այնքան ամուր է, որն ի վիճակի է լրացուցիչ մոտիվավիացիա հաղորդել մեր բանակին: Այս իմաստով մեր հասարակությունն, ըստ էության, պատրաստ է ցանկացած ֆորս-մաժորային իրավիճակի, ինչը նվազագույնի է հասցնում «կայծակնային պատերազմի» միջոցով հաջողության հասնելու Բաքվի ակնկալիքները:

Մյուս կողմից` Ադրբեջանը, գուցե նաև Ռուսաստանն այս պահին շահագրգռված են պատերազմով, որովհետև կարծում են` ժամանակն իրենց դեմ է աշխատում և ինչքան խորանա հեղափոխության արժեքների կապիտալացման գործընթացն, այնքան անհնար է լինելու Հայաստանի հետ խոսել ուժի կամ պարտադրանքի դիրքերից:

Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ բացառել էր, որ Հայաստանը պատերազմ սկսողը լինի, այսօր Փաշինյանն, ըստ էության, բացառել է, որ մեր զինված ուժերն անպատրաստ լինեն թշնամու սադրած հնարավոր պատերազմին:

Աղբյուր՝ 1in.am

Կիսվել