Քաղաքականություն

Միհրան Պողոսյան. «Եղել եմ եւ լինելու եմ ձեր կողքին»

Միհրան Պողոսյան. «Եղել եմ եւ լինելու եմ ձեր կողքին»

Ազգային ժողովի ընտրությունների մեկնարկած քարոզարշավը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների պարագայում առայժմ բավականին զուսպ է անցնում։ Քաղաքական մեծամասնության «վարկանիշայինները» հիմնականում քարոզարշավը տեղափոխել են ֆեյսբուքի իրենց անձնական էջեր՝ միանման գրառումների կամ կարճ հոլովակների տեսքով։ Այս ֆոնին ակնհայտ առանձնանում է Երեւանի թիվ մեկ ընտրատարածքում առաջադրված Միհրան Պողոսյանի քարոզարշավը։

Անցած երկու օրում նա արդեն հասցրել է ունենալ բակային հանդիպումներ ու մարդաշատ հավաքներ։ Քաղաքացիների հետ հանդիպումների ընթացքում Միհրան Պողոսյանին ուղեկցողների թվում են ԱԺ պատգամավորներ Արթուր Ստեփանյանը, Շիրակ Թորոսյանը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ԱԱԾ պահեստազորի գնդապետ, արդարադատության գնդապետ Գագիկ Ասատրյանը եւ այլք։

Շիրակ Թորոսյանն իր ելույթներից մեկում հավաքվածներին կոչ արեց «հավատալ գործ անողին»։ «Ամենահեշտ գործը ոչինչ չանելն ու քննադատելն է։ Տարիներ շարունակ մենք դրա ականատեսն ենք։ Հավատացե՛ք գործ անողին։ Արդյունք ունենալու համար մեզ աշխատող մարդիկ են պետք, որոնց հարկ եղած դեպքում դուք՝ ընտրողներդ, պետք է ուղղորդեք։

Մեզ հարկավոր են ուժեղ, սկզբունքային մարդիկ»,- ընդգծել է Թորոսյանը։ Միհրան Պողոսյանն էլ, դիմելով իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին, հորդորեց նայել թեկնածուների անցած ճանապարհը՝ ով իր կյանքում ինչ է արել։ «Իրականում ժամանակն է անցնել գործի։

Մեզ այսօր անհրաժեշտ են նպատակասլաց, իրենց գործից հասկացող, աշխատանքին նվիրված մարդիկ»։ Անդրադառնալով երկրին հարկավոր համակարգային փոփոխությունների խնդրին՝ Միհրան Պողոսյանը վստահեցրեց, որ շարունակելու է մնալ քաղաքացու կողքին, ինչպես որ դա արդեն 17 տարի անում է։

Կիսվել