Մամուլ

Բանանի արկղերում 300 կգ կոկաին են հայտնաբերել

Նյուրնբերգում ոստիկաններն ու մաքսային ծառայողները մեծածախ շուկայում բանանի արկղերի մեջ հայտնաբերել են 300 կգ կոկաին։ Առգրավված խմբաքանակի արժեքը սև շուկայում գնահատվում է մոտ 20 միլիոն եվրո (շուրջ 22 միլիոն դոլար), հայտնում է dpa-ն՝ հղում անելով Բավարիայի քրեական ոստիկանության վարչությանը (LKA)։

Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի, երբ շուկայի տարածքում ապօրինի ներթափանցման փորձից հետո ոստիկանություն են կանչել։ Տարածքում ստուգումներ իրականացնելիս իրավապահները զննել են մթերային խանութներ առաքելու համար նախատեսված բանանի արկղերը։

Արկղերից մեկի անսովոր ծանրությունը նկատել է շուկայի աշխատակիցներից մեկը։ Այն զննելուց հետո ներսում հայտնաբերվել են կոկաինի մի քանի բրիկետներ։

Դեպքից հետո ոստիկանության և մաքսային ծառայության աշխատակիցները ստուգել են նաև 50 բեռնահարթակների վրա տեղադրված մյուս արկղերը, որոնցում նույնպես թմրանյութի լրացուցիչ խմբաքանակներ են հայտնաբերվել։

Քննության արդյունքում պարզվել է, որ բանանը կոկաինի հետ միասին բեռնանավով Էկվադորից տեղափոխվել է Նիդեռլանդների Ֆլիսինգեն նավահանգիստ, որտեղից էլ բեռը հասցվել է Նյուրնբերգ։

Կիսվեք ձեր էջում