Մամուլ

Կյանքից հեռացել է Վլադիմիր Աբրոյանը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հայ նկարիչ-գրաֆիկ, նկարազարդող, ծաղրանկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը:

Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Աբրոյանը:

Տասնամյակներ շարունակ նրա նկարները տպագրվել են «Ոզնի» երգիծաթերթում, «Կոմունիստ», «Սովետական Հայաստան» թերթերում, ինչպես նաև համամիութենական պարբերականներում («Крокодил», «Огонёк», «Неделя», «Литературная газета»): Մինչև կյանքի վերջին օրերը նա աշխատում էր «Голос Армении» թերթում:

Իր երկարատև ստեղծագործական կյանքի ընթացքում նա դարձել էր ծաղրանկարչության ամենաճանաչված վարպետներից մեկը Հայաստանում: Լինելով ԽՍՀՄ և Հայաստանի նկարիչների միության անդամ՝ նա նշանակալի հետք է թողել երգիծական գրաֆիկայի պատմության մեջ:

Նրա տաղանդը ճանաչված էր հայրենիքի սահմաններից դուրս: Համամիութենական պարբերականներից բացի՝ նրա աշխատանքները տպագրվել են նաև Ֆրանսիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Լիբանանի ԶԼՄ-ներում:

Վլադիմիր Աբրոյանը բազմիցս դարձել է հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, նրա անունն իրավամբ տեղ է գտել Հումորի միջազգային հանրագիտարանում (Իտալիա) և Համաշխարհային ծաղրանկարչության անթոլոգիայում:

Կիսվեք ձեր էջում