Մամուլ

Դավթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 24-ին հերթական խուլիգանությունն է տեղի ունեցել Երևանում, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնի ծառայողներն էլ օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են վրեժխնդրությունը։

Ժամը 23։30-ի սահմաններում ոստիկանության Դավիթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի խճուղում գործող «Ադորա» ռեստորանային համալիրում մի խումբ անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում։

Նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծննդյան միջոցառման արարողության ընթացքում Երևանի բնակիչ 32-ամյա Վրեժ Կ․-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծննդյան արարողության մասնակիցների նկատմամբ, վիճաբանել է Երևանի բնակիչներ 39-ամյա Գարիկ Ա․-ի, 42-ամյա Էդգար Ա․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները եղբայրներ են), Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Արեգ Ա․-ի, Երևանի բնակիչներ 36-ամյա Գառնիկ Պ․-ի, 35-ամյա Գոռ Պ․-ի (ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինները ազգականներ են) և 29-ամյա Էդիկ Պ․-ի հետ, որի ընթացքում Վրեժ Կ․-ի կողմից միջոցառման մասնակից անձանց հասցեին հայհոյանքներ են հնչեցվել։

Բացի այդ, նա բացահայտ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել մասնակիցների հանդեպ՝ խափանելով այն։

Աղբյուրի տեղեկություններով՝ բոլոր մասնակիցները ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Դավիթաշենի բաժին։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Վրեժ Կ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Դավիթաշենի համայնքային ոստիկանները օպերատիվ չգործեին, ապա Վրեժ Կ․-ն հնարավոր է մասնակիցների կողմից հաշվեհարդարի ենթարկվեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում