Ե՞րբ են սկսվելու դպրոցականների աշնանային արձակուրդները
ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:
Համաձայն համապատասխան հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները կմեկնարկեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և կավարտվեն 2027 թվականի մայիսի 21-ին՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա, իսկ մայիսի 22-ին՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
Առաջին դասարանի սովորողների աշնանային արձակուրդները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը ներառյալ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հոկտեմբերի 19-ից 31-ը ներառյալ։
Երկրորդ դասարանի սովորողների աշնանային արձակուրդները կսկսվեն 2026 թվականի հոկտեմբերի 26-ին և կավարտվեն հոկտեմբերի 30-ին՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում արձակուրդները կտևեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ։
3-12-րդ դասարանների սովորողների աշնանային արձակուրդները նույնպես նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 26-ից 30-ը ներառյալ՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ հոկտեմբերի 26-ից 31-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ շարունակ, աշխատում են վեցօրյա ռեժիմով։ Դրա շնորհիվ աշակերտներն աշնանը կունենան երկշաբաթյա արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փոխանցմամբ՝ այս փոփոխությունը պայմանավորված է աշնանը Երևանում անցկացվելիք՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։


