Մամուլ

Շունը զինվորին դուրս է բերել փլատակների տակից

Ռուսական զինուժի զինվորի պատմածի համաձայն՝ նրա կյանքը փրկել է շունը, որը կարողացել է նրան դուրս բերել ավերված տան փլատակների տակից։

Պատմությունը փոխանցել է «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանման հետ աշխատող կամավոր Իննա Շկրիբեցը։ Դեպքի մասին հայտնում է ռուսական «Ցարգրադ»-ը։

«Գորինիչ» կոչականով զինվորի խոսքով՝ հրթիռի հարվածից հետո հին տան տանիքը փլվել է, և ինքը հայտնվել է փլատակների տակ։ Երկար ժամանակ նա մնացել է մթության մեջ՝ չիմանալով, թե ինչպես կարող է դուրս գալ։

Այդ ընթացքում զինվորը զգացել է, որ ինչ-որ կենդանի է մոտեցել իրեն։ Պարզվել է՝ դա տեղացի Ուշկո շունն էր, որին նախկինում զինվորները կերակրել էին։

Շունը կարողացել է անցնել փլատակների միջով, հասնել զինվորին և սկսել քաշել նրա գոտուց։ Կենդանին նաև փորձել է ճանապարհ բացել՝ հեռացնելով ու կրծելով փլված կառույցի մասերը։

Զինվորի խոսքով՝ Ուշկոն հեռանում էր, ապա կրկին վերադառնում՝ կարծես հորդորելով իրեն հետևել։ Այդպես զինվորին հաջողվել է շարժվել դեպի փլատակներից դուրս տանող հատվածը։

«Կարծես ասում էր՝ արի՛, մի՛ հանձնվիր, մենք իզուր ընկերներ չենք եղել»,- պատմել է զինվորը։

Կիսվեք ձեր էջում