Փնտրվում է ՌԴ-ում ՀՀ դեսպան. ի՞նչ խնդիր է դրել Նիկոլ Փաշինյանը
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին հետ կանչելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է դեսպանի նոր թեկնածուի փնտրտուքը։ Այս մասին գրում է «Ժողովուրդը»։
Նշենք` օգոսոտոսի 21-ին մամուլը գրեց, որ Փաշինյանը հետ է կանչել ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Օրեր անց սկսեցին լուրեր շրջանառվել, որ այդ պաշտոնի հավանական թեկնածուներից է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նոր դեսպանի թեկնածուների թվում Նիկոլ Փաշինյանը դիտարկել է նաև արդեն նախկին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է Մոսկվա մեկնելու և դեսպանի պաշտոնը ստանձնելու առաջարկից։ Այս պահին նոր դեսպանի որոնումները շարունակվում են», – գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետը ցանկանում է Մոսկվա գործուղել ոչ թե պարզապես դիվանագետի, այլ քաղաքական թիմից այնպիսի անձի, որը կկարողանա տարբեր մակարդակներում արդյունավետ աշխատել ռուսական կողմի հետ և անհրաժեշտության դեպքում կարգավորել Երևան-Մոսկվա հարաբերություններում առաջացող խնդիրները։ Հարցն առավել արդիական է Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա սպասվող այցի ֆոնին։


