Թոռը հարբած վիճակում սպանել է իր 98-ամյա տատիկին
Նովոսիբիրսկի մարզում ընտանեկան վեճը ողբերգական ավարտ է ունեցել․ 98-ամյա կին է սպանվել։
ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Չիկ գյուղի բնակարաններից մեկում, որտեղ 98-ամյա կինը բնակվել է իր 38-ամյա թոռան հետ։ Կնոջ սպանության կասկածանքով թոռը ձերբակալվել է։
Քննության նախնական վարկածի համաձայն՝ տղամարդը գիշերը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վերադարձել է տուն։
Որոշ ժամանակ անց նրա և տատիկի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել։ Վեճի ընթացքում, ըստ քննիչների, տղամարդը դանակով մի քանի անգամ հարվածել է տարեց կնոջը։
Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով 98-ամյա կինը մահացել է։
Իրավապահների փոխանցմամբ՝ 38-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության համար։ Այժմ քննիչները քննարկում են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։
Իրավապահները շարունակում են պարզել դեպքի հանգամանքներն ու կատարվածի բոլոր մանրամասները։ Նախաքննությունը շարունակվում է։


