Մամուլ

Մահացել է Սերյոժա Պետրոսյանը

Մահացել է բալետի անվանի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանը։ Լուրը հայտնում են Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրենից։

«Իր ողջ ստեղծագործական ճանապարհը նա նվիրեց բալետային արվեստին և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին՝ թողնելով տասնյակ հիշարժան դերեր և գեղեցիկ ստեղծագործական ժառանգություն։

Սերյոժա Պետրոսյանի անունը կմնա հայկական բալետի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր արտիստի, նվիրյալ արվեստագետի և իր գործին անմնացորդ ծառայած մարդու։

Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։

Հավերժ հիշատակ»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում։ 

Սերյոժա Պետրոսյանը ծնվել է 1947 թվականի մարտի 3-ին, Երևանում։

1966 թվականից՝ Երևանի պարուսույցի ուսումնարանն ավարտելուց հետո, աշխատել է Սպենդիարյանի անվան թատրոնում։ Նրա դերերի թվում էին` Պա դը դյոն «Ժիզել»-ում, Ծաղրածուն «Կարապի լիճ»-ում, Նովֆալը «Լեյլի և Մաջնուն»-ում, Սատիրը «Վալպուրգյան գիշեր»-ում, Համլետը «Համլետ»-ում, Կարենը «Գայանե»-ում և Կոզբադինը «Սասունցի Դավիթ»-ում։

Կիսվեք ձեր էջում