ՊՆ-ի բժշկական ավտոմեքենան վթարի է ենթարկվել. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Սակայն չի բացառվում, որ դեպքի վայր ժամանեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները, քանի որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենան հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ում ինքնությունը պարզվում է։





