Մայրության և հիվանդության նպաստների վճարման կարգը կփոխվի
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների նշանակման ու վճարման գործող կարգը։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախաձեռնության նպատակն է կատարելագործել նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման գործընթացը՝ այն դարձնելով առավել արագ, թափանցիկ և արդյունավետ։
Մասնավորապես, նախագծով նախատեսվում է հստակեցնել անաշխատունակության (հիվանդության) թերթիկների բացման, ճշգրտման և չեղարկման ընթացակարգերը, բարելավել պետական տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակումը, ինչպես նաև սահմանել նոր կարգավորումներ այն դեպքերի համար, երբ աշխատակիցը գտնվում է չվճարվող արձակուրդում, աշխատանքի ընթացքում փոխում է գործատուին կամ ազատվում է աշխատանքից անաշխատունակության ժամանակահատվածում։
Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխությունները կօգնեն նվազեցնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, հստակեցնել գործող ընթացակարգերը և բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը։
Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստներ հաշվարկելու, նշանակելու և վճարելու գործընթացում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների կանոնակարգման անհրաժեշտությամբ։
Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 18.04.2025, ՀՕ-73-Ն օրենքով ներդրվեց ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների (այսուհետ՝ նպաստ) հաշվարկելու, նշանակելու և վճարելու նոր համակարգ: Նշված օրենքի ընդունմամբ ամբողջությամբ խմբագրվեցին նաև Կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)՝ մինչև 01.09.2025թ. գործող կարգավորումները։
Վերը նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայի (այսուհետ՝ հարկային մարմնի բազա) և էլեկտրոնային առողջապահության համակարգի (այսուհետ՝ Արմեդ համակարգ) տվյալների հիման վրա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն) 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հաշվարկում, նշանակում և վճարում է նպաստը:
Ներդրված նոր համակարգի արդյունքում նպաստը, ըստ էության, հաշվարկվում, նշանակվում և վճարվում է ինքնաշխատ եղանակով՝ տեղեկատվական շտեմարանների փոխգործունեության միջոցով։ Նոր ստեղծված համակարգի գործարկումից հետո հավաքագրվել են այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել նպաստի նշանակման ինքնաշխատ գործընթացում, և շահառուներին մատուցվող ծառայությունների լավարկման տեսակետից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել Որոշման մեջ, մասնավորապես գործող ընթացակարգերում՝
Արմեդ համակարգում անաշխատունակության թերթիկ բացելու գործընթացներում նախատեսված չեն կարգավորումներ՝
1) անձի ոչ մշտական բնակության վայրում անաշխատունակության թերթիկ բացելու,
2) սխալ ընթացակարգով բացված անաշխատունակության թերթիկը ճշգրտելու,
3) շարունակելի համարվող թերթիկների լրացման որոշ առանձնահատկությունների,
4) ստացիոնար ռեժիմի խախտած ժամանակահատվածի,
5) թերթիկը չեղարկելու կամ անվավեր ճանաչելու ընթացակարգերի և ժամկետների,
6) ընտանիքի հիվանդ անդամի դեպքում հիվանդին բուժող բժշկի կողմից անաշխատունակության թերթիկ բացելու հնարավորության և այլ դեպքերի մասով։
Հարկային մարմնի բազայից տեղեկատվության փոխանակման տեսակետից լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն է առաջանում այն դեպքերում, երբ՝
1) անաշխատունակության թերթկը բացելուց հետո, երբ հարկային մարմնի բազայից նպաստի համակարգ է փոխանցվում տեղեկատվություն, որ անձը չի հանդիսանում վարձու աշխատող, հետագայում այդ տեղեկատվության փոփոխության արդյունքում (գործատուի ներկայացրած ճշգրտված հայտի հիման վրա), այդ տվյալի փոփոխությունը հարկային մարմնի բազայից չի ստացվում (չնայած այն հանգամանքին, որ Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ տվյալ փոփոխությունը ևս պետք է հարկային մարմնի բազայից ստացվի),
2) անձը ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ գտնվում է չվճարվող արձակուրդում (գործող ընթացակարգով այդ տվյալը չի ստացվում հարկային մարմնի բազայից),
3) անձը ժամանակավոր անաշխատունակության ընթացքում ազատվում է աշխատանքից (տվյալը ստացվում է միայն ժամկետային պայմանագրերի դեպքում),
4) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ընթացքում փոխվում է գործատուն (գործող ընթացակարգով այդ տվյալը չի ստացվում հարկային մարմնի բազայից)։
Ինքնաշխատ եղանակով նպաստի նշանակման տեսակետից գործող օրենսդրությամբ բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ նպաստը օրենսդրությամբ սահմանված դեպքերում նշանակվում է քաղաքացու դիմումի հիման վրա։
Դիմումի հիման վրա նպաստ նշանակվում է, երբ ներկայացվում է համապատասխան դատական ակտ, կամ նպաստը պետք է վճարվի անձի մահվան պատճառով (որպես չվճարված նպաստ), կամ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա կամ նախորդող 12 ամիսների ընթացքում ՀՀ օրենսդրությամբ համարվել է սահմանափակ օգտագործման (անձի վերաբերյալ տվյալները հարկային մարմնի բազայում առկա չեն)։
Ընդ որում, նկարագրված վերջին դեպքում գործող ընթացակարգերի կիրարկումն ապահովելու նպատակով (թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակման և ներդրման անհրաժեշտությունից ելնելով) աշխատանքային քննարկումներ են իրականացվել համապատասխան ուժային կառույցների հետ։ Համապատասխան մարմիններից առաջարկություն է նեկայացվել (զինվորական ծառայության առանձնահատկություններից ելնելով) ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ Համապատասխան մարմիններում աշխատող անձին (ում վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործմա ենթակա) նպաստը նշանակի և վճարի գործատուն:
Գործող օրեսդրությամբ նման իրավասություն ունի միայն ԱԱԾ-ն և Արտաքին հետախուզության ծառայությունը, իսկ մնացած ուժային մարմինների աշխատակիցների համար նպաստ հաշվարկելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է հարցման միջոցով՝ հիմք ընդունելով քաղաքացու դիմումը։ Վերը նշված խնդիրները, ինչպես նաև նպաստի հաշվարկման և վերահաշվարկման կանոնները հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Որոշման մեջ։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը Առաջարկվում է ընդունել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ 2. Կարգավորման առարկան Ներկայացված նախագծով առաջարկվում է՝
Արմեդ համակարգի մասով ՝
1.1. եթե անաշխատունակությունն առաջացել է տվյալ անձի ոչ մշտական բնակության վայրում, ապա անաշխատունակության թերթիկը բացվում է նրա ժամանակավորապես գտնվելու վայրում գործող բժշկական հաստատության կողմից։ Այն դեպքում, երբ հիվանդը տեղափոխվում է իր մշտական բնակության վայր, անաշխատունակության թերթիկում կատարվում է «Մեկնել է մշտական բնակության վայր» նշումը:
1.2. Հիվանդանոցային բուժում ստանալու դեպքում, ինչպես նաև բժշկական հաստատության ցերեկային ստացիոնարում կամ ընդունարանի անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) բժշկական օգնության և սպասարկման նպատակով բժշկական հաստատություն ընդունված 18 տարին լրացած քաղաքացու համար ժամանակավոր անաշխատունակության թերթիկը էլեկտրոնային առողջապահության համակարգում բացել նրա՝ հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո՝ անաշխատունակության թերթիկ բացելու համար դիմելու օրը։
Գործող կարգով նախատեսված է թերթիկը բացել բժշկական հաստատություն դիմելու օրվանից, ինչը խնդիրներ է առաջացնում այն դեպքում, երբ քաղաքացին այդ օրը ներկայացել է աշխատանքի, բժշկական կազմակերպություն դիմել է աշխատանքային օրվա ավարտից հետո։ Գործող օրենսդրությամբ հնարավորություն չի տրվում թերթիկը բացել քաղաքացու նշած օրը, որի արդյունքում ստացվում է, որ աշխատած օրվա համար վճարվելու է նպաստ։
Բացի այդ, նախագծի կարգավորումների համաձայն, հիվանդանոցային բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո թերթիկ կարող է բացվել նաև այն դեպքում, երբ այդ օրը համընկնում է այլ հիվանդանոցային բժշկական հաստատությունից քաղաքացու դուրս գրվելու օրվա հետ։ Նույնանման խնդիր առկա է նաև հիվանդանոցային պայմաններում անաշխատունակության թերթիկը փակելու հետ կապված, որի համատեքստում հնարավորություն է տրվում թերթիկը փակել մինչև հիվանդանոցից դուրս գրվելը՝ անաշխատունակության թերթիկ փակելու համար դիմելու օրը։
1.3. Շարունակելի թերթիկների լրացման կարգի տեսակետից հստակեցնել, որ «շարունակելի» նշագրումը կատարվում է, այն դեպքերում, երբ թերթիկը (ըստ բժշկի եզրակացության) կարող է ունենալ շարունակություն։ Բարդ ծննդաբերության կամ միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում շարունակելի համարվող թերթիկ բացելիս անաշխատունակության առաջին օր նշել նախորդ անաշխատունակության թերթիկի վերջին օրվան հաջորդող օրացուցային օրը։
1.4. Ծառայության համակարգին փոխանցել նաև տեղեկատվություն՝ ստացիոնար ռեժիմը խախտած օրերի վերաբերյալ (Օրենքի համաձայն՝ այդ օրերի համար նպաստ չի վճարվում)։
1.5. Հստակեցնել անաշխատունակության թերթիկում ճշգրտումներ կատարելու ընթացակարգերը։ Ընդ որում, ճշգրտված թերթիկի համարը չի փոխվում։ Անաշխատունակության թերթիկը ճշգրտվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային առողջապահության համակարգից փոխանցվում է ծառայության տեղեկատվական համակարգ։
1.6. Ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքում անաշխատունակության թերթիկ բացելու հնարավորություն տալ հիվանդին բուժող բժշկին (գործող կարգավորումներով այդ իրավունքը տրված է ընտանիքի անդամի՝ խնամող անձի բժշկին)։
1.7. Հստակեցնել հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած անաշխատունակության դեպքում անաշխատունակության թերթիկը բացելու և փակելու ընթացակարգը, այդ թվում՝ հիմք հանդիսացող փաստաթղթերը:
1.8. Այն տվյալները, որոնք որոշիչ չեն նպաստի իրավունքի իրացման տեսակետից, Արմեդ համակարգից չեն ստացվելու (օրինակ՝ հղիության տևողության մասին տեղեկատվությունը, ՀԾՀ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի տվյալները (չունի նպաստի իրավունք))։
Հարկային մարմնի բազայի մասով՝
2.1. այն դեպքում, երբ հարկային մարմնի տեղեկատվական բազայից ծառայության տեղեկատվական համակարգ են փոխանցվում տեղեկատվություն անձի՝ անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատող չհանդիսանալու վերաբերյալ և հետագայում վարձու աշխատողի գործատուի ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում այդ տվյալը փոխվում է, հարկային մամնի բազայից ստավում է փոփոխված տվյալը, եթե փոփոխությունը կատարվել է 3 ամսվա ընթացքում։
2.2. Յուրաքանչյուր շարունակելի համարվող թերթիկ բացելու դեպքում այդ տվյալը ևս փոխանցվում է հարկային մարմնի բազա։
2.3. Հարկային մարմնի բազա է փոխանցվում նաև անաշխատունակության թերթիկն ճշգրվելու, նպաստ նշանակելը մերժելու դեպքում՝ մերժման պատճառների մասին տեղեկատվությունը։
2.4. Հարկային մարմնի բազայից նպաստի համակարգ, ի թիվս այլ տվյալների փոխանցվում է նաև անձի՝ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ չվճարվող արձակուրդում գտնվելու դեպքում՝ արձակուրդի ժամկետները, իսկ անաշխատունակության ընթացքում աշխատանքից ազատվելու դեպքում՝ ազատման օրը։ Հղիության և ծննդաբերության դեպքում, եթե այդ ընթացքում անձը գործատու է փոխում տրամադրվում է նաև գործատուի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը և նոր կնքված աշխատանքային պայմանագրի սկիզբն ու վերջը (առկայության դեպքում)։
3. Ժամանակավոր անաշխատունակության առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողին, ում վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ համարվում է սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն և վարձու աշխատողը չի հանդիսանում օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձ (զինծառայող), նպաստը հաշվարկում (վերահաշվարկում), նշանակում և վճարում է գործատուն՝ Պաշտպանության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Արտաքին հետախուզության ծառայությունը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը, Հակակոռուպցիոն կոմիտեն (այսուհետ՝ համապատասխան մարմիններ)։
Ընդ որում, մայրության նպաստը հաշվարկելիս համապատասխան մարմինը վճարում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված մայրության նպաստի՝ հարկումից հետո վճարման ենթակա գումարի և չաշխատող անձի մայրության նպաստի գումարների տարբերության չափով: Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված անձի՝ հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած անաշխատունակության ժամանակահատվածի համար աշխատավարձ վճարելիս համապատասխան մարմինը հարկումից և այլ պահումներից հետո վճարման ենթակա աշխատավարձի գումարը նվազեցնում է չաշխատող անձի մայրության նպաստի գումարի չափով։
Վերջին երկու կարգավորումների հիմքում ընկած է այն փաստը, որ տվյալ անձը հարկային մարմնի տեղեկատվական բազայում համարվում է չաշխատող անձ և նրան մայրության նպաստը, որպես չաշխատող անձ, ծառայության տեղեկատվական բազայում ինքնաշխատ նշանակվում է այդ հիմքով։
Մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից և չի հարկվում: Եթե նպաստը հաշվարկող համապատասխան մարմնի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս օրենքի 22-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված կարգով հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի կողմից վճարած եկամուտը: Համակատասխան մարմնին տվյալները (տեղեկանքը) ներևկայացնում է վարձու աշխատողը: Այն դեպքում, երբ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանափակ օգտագործման ենթակա է համարվել անաշխատունակության 1-ին օրվան նախորդող 12 ամսվա ընթացքում, ապա նպաստը վերահաշվարկելու համար անձը դիմում է ծառայություն՝ ներկայացնելով համապատասխան մամնի տված տեղեկանքը՝ նպաստ հաշվարկելու համար անհրաժեշտ տվյալներով։ Որոշման N 5 հավելվածով սահմանվել է համապատասխան մարմնի կողմից նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման կարգը (համաձայն օրենքի 24-րդ հոդվածի 18-րդ մասի): Վերը նշվածի հաշվառմամբ Որոշման N 6 հավելվածից հանվել են համապատասխան մարմնի վարձու աշխատողին նպաստ նշանակելուն (այդ թվում՝ առցանց դիմում ներկայացնելուն) առնչվող դրույթները:
Նպաստը նշանակելու և վերահաշվարկելու գործընթացում նախատեսվել է՝
1) հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածում գործատուի փոփոխության (բացառությամբ վերակազմակերպման) դեպքում մայրության նպաստը վարձու աշխատողին վճարել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու և աշխատանքային հարաբերության մեջ գտնվելու ժամանակահատվածների համընկնող օրերի համար։
2) Օրենքի 22-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով հաշվարկային ժամանակահատվածի խնամքի արձակուրդի ամիսների համար եկամուտ հաշվառելիս, եթե բացակայում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած նպաստն այն պատճառով, որ վարձու աշխատողը տվյալ ամսում ևս գտնվել է խնամքի արձակուրդում, ապա սույն կետում նշված դեպքում որպես խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամիս դիտարկվում է այն ամիսը, որի համար վարձու աշխատողն ունեցել է եկամուտ (այդ թվում՝ ստացել է նպաստ) և այդ ամսվան հաջորդող ամսվանից գտնվել է խնամքի արձակուրդում։
3) Հստակեցվում է հաշվարկային ժամանակահատվածի հաշվարկը այն դեպքում, երբ վարձու աշխատողի անաշխատունակության ժամանակահատվածը շարունակվում է չվճարվող արձակուրդի ավարտից հետո, սահմանելով, որ անկախ նպաստի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվանից, հաշվարկային ժամանակահատվածը հաշվարկվում է անաշխատունակության թերթիկում նշված առաջին օրվան նախորդող ամսվանից, իսկ ժամանակավոր անաշխատունակության նպաստի՝ գործատուի կողմից վճարման ենթակա չափը և ժամանակավոր անաշխատունակության օրերի թիվը հաշվարկվում է այն աշխատանքային օրվանից, երբ վարձու աշխատողն անցել է աշխատանքի (չվճարվող արձակուրդը կամ խնամքի արձակուրդն ավարտվելու աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվանից)։
4) Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, եթե ստացված տեղեկատվության (տվյալի) հիման վերահաշվարկված և մինչև վերահաշվարկելը հաշվարկած նպաստների գումարների՝ 1000 դրամը չգերազանցող տարբերությունը չի վճարվում (վերահաշվարկված նպաստի հաշվարկը գործատուին չի փոխանցվում)։
Այս փոփոխությունը առաջարկվում է հաշվի առնելով պրակտիկայում նույն թերթիկի հիման վրա կատարված վերահաշվարկների կրկնությունները։
Միասնական սոցիալական ծառայության կողմից վարվող տեղեկատվական շտեմարան շտեմարանում, ի թիվս այլ տվյալների, առկա կլինի տեղեկատվություն նաև նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացած միջին ամսական աշխատավարձի, նպաստի՝ պետական բյուջեից և գործատուների կողմից վճարման ենթակա գումարների չափերի, տեղեկատվությունը գործատուներին փոխանցելու ժամկետի, պետական բյուջեից վճարման ենթակա գումարի վճարման ժակետի վերաբերյալ։
Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կլավարկվի նպաստի նշանակման, հաշվարկման և վճարման գործընթացը, այդ գործընթացում կհստակեցվի տարբեր տեղեկատվական բազաների միջև տվյալների փոխանակման ընթացակարգերը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի 4.6-րդ կետից (Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու կենսաթոշակառուներին և նպաստառուներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ինչպես նաև կենսաթոշակների և նպաստների նշանակման, վճարման գործընթացները լավարկելու նպատակով կատարելագործվելու է օրենսդրությունը, ընդլայնվելու է առցանց մատուցվող ծառայությունների սպեկտրը՝ ի հաշիվ տեղեկատվական համակարգեր ներառող տվյալների ստացման որակական և քանակական բարելավման):
Տեղեկանք
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն:


