11-ամյա աղջիկը մահացել է լողավազանում՝ ջրահեռացման խողովակի պատճառով
Իտալիայի Սեստրի Լևանտե ծովափնյա քաղաքում ողբերգական դեպք է գրանցվել․ 11-ամյա աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ լողավազանում նրա մազերը խճճվել են ջրահեռացման համակարգի խողովակի մեջ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Ըստ տեղեկությունների՝ Ալիս անունով աղջիկը Միլանից մայրիկի հետ մեկնել էր հանգստավայր։
Ընտանիքը մի քանի տարի շարունակ արձակուրդն անցկացրել էր նույն զբոսայգու տարածքում, սակայն այս այցը նրանց համար ողբերգական ավարտ է ունեցել։
Դեպքը տեղի է ունեցել լողալու ընթացքում․ երեխայի երկար մազերը հայտնվել են լողավազանի ջրահեռացման խողովակի մեջ, ինչի հետևանքով նա չի կարողացել ազատվել և մնացել է ջրի տակ։
Թեև լողավազանը մեծ խորություն չի ունեցել, աղջկան չի հաջողվել դուրս գալ ջրի մակերես։
Դեպքի ականատեսները փորձել են օգնել երեխային՝ ազատել նրա մազերը և դուրս բերել ջրից, սակայն երկար ժամանակ դա նրանց չի հաջողվել։ Ժամանած շտապօգնության աշխատակիցները կատարել են վերակենդանացման գործողություններ և աղջկան ծանր վիճակում տեղափոխել հիվանդանոց։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բժիշկներին չի հաջողվել փրկել 11-ամյա զբոսաշրջիկի կյանքը։ Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու համար Իտալիայի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։


