Ալիևի հայտարարություններից հետո ՌԴ-ն սահմանափակել է ադրբեջանական և թուրքական մրգերի ներմուծումը
Ռուսաստանի իշխանությունները արգելել են հինգ թուրքական ընկերությունների Ռուսաստան մատակարարել բալ, ծիրան, դեղձ և նեկտարիններ՝ հայտնաբերված խախտումների պատճառով:
Առայժմ նրանց մատակարարման ծավալները կվերաբաշխվեն այլ մատակարարների միջև: Սակայն, եթե արգելքը տարածվի ավելի շատ ընկերությունների վրա, կա տարածված մրգերի և հատապտուղների գների բարձրացման վտանգ։
Թուրքիան մատակարարում է Ռուսաստանի կորիզավոր մրգերի ընդհանուր մատակարարման 30-60%-ը, և այդ մատակարարումը փոխարինելը կարող է դժվար լինել:
Ներկայումս Ռուսաստանում որոշ տարածված կորիզավոր մրգերի գինը նվազում է հենց Թուրքիայում լավ բերքի պատճառով: NTech-ի տվյալներով՝ հուլիսի 6-12-ը շաբաթվա ընթացքում բալի միջին մանրածախ գինը տարեկան կտրվածքով նվազել է 27%-ով՝ հասնելով 430.4 ռուբլու մեկ կիլոգրամի համար:
Նեկտարինները նվազել են 9%-ով՝ հասնելով 161.5 ռուբլու մեկ կիլոգրամի համար, իսկ դեղձերը՝ 4%-ով՝ հասնելով 217.8 ռուբլու մեկ կիլոգրամի համար: Սակայն ծիրանը թանկացել է 12%-ով՝ հասնելով 221 ռուբլու մեկ կիլոգրամի համար:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-14-ին Շուշիում, որը միջազգային մակարդակով ճանաչված է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ էր արել Ուկրաինային չհամակերպվել իր տարածքների ռուսական օկուպացիայի հետ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությանը։
Ալիևը նշել էր, որ դեռ անցյալ տարի խորհուրդ է տվել Ուկրաինային չհամաձայնել տարածքային կորուստների հետ՝ չնայած արտաքին ճնշմանը։
Նա նաև զուգահեռներ էր անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Դոնբասի իրավիճակների միջև՝ նշելով, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում միջազգային գործընկերները նույնպես կոչ էին անում Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն Բաքուն չի հրաժարվել իր հայտարարած նպատակից՝ վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանի նախագահը հայտնել էր նաև, որ այդ հարցը քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ այս տարվա ապրիլին կայացած հանդիպման ժամանակ և ընդգծել, որ Ադրբեջանի դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ մնում է անփոփոխ։
«Մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք և շարունակելու ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Ժողովրդի համաձայնության բացակայության դեպքում որևէ պետության սահմաններ չեն կարող փոփոխվել», – հայտարարել էր Ալիևը։
Նա հավելել էր, որ Ադրբեջանը շարունակում է օգնություն ցուցաբերել Ուկրաինային ինչպես պետական մակարդակով, այնպես էլ երկրի քաղաքացիների կողմից։


