Մամուլ

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և մյուսները ծեծի են ենթարկել «Բգո»-ին ու փորձել սպանել․ վեճը սկսվել է ձեռքսեղմումից

Դատախազը դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը։

«Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ Ա. Հ.-ն, Հ. Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա. Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա. Ա.-ն Ս. Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ. Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է. Հ.-ի և Խ. Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ. Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ. Ա.-ին սպանելու նպատակով Ա. Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա. Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է. Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ. Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար. Ա.-ի և Ֆ. Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար. Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա. Հ.-ին և Ս. Դ.-ին:

Ֆ. Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար. Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ին Ար. Հ.-ի կանչով Ա. Հ.-ն և Ս. Դ.-ն հանդիպել են Ար. Հ.-ին, Ար. Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա. Հ.-ն և Ս. Դ.-ի ընկեր Ժ. Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար. Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել են վիճաբանություն և ծեծկռտուք:

Վիճաբանության ժամանակ Ա. Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար. Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ. Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար. Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի արդյունքում Ս. Դ.-ն, Ա. Զ.-ն, Է. Հ.-ն, Հ. Պ.-ն, Ա. Ա.-ն և Ա. Հ.-ն նախապատրաստել են Ար. Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար. Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ար. Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար:

Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:

Կիսվեք ձեր էջում