Կենդանաբանական այգում թութակները հայհոյել են այցելուներին
Կենդանաբանական այգում արտասովոր իրավիճակ է ստեղծվել․ հինգ աֆրիկյան գորշ թութակների ստիպված են եղել առանձնացնել և տեղափոխել տարբեր վանդակներ, քանի որ նրանք սկսել են պարբերաբար անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել ու ծաղրել այցելուներին։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, թռչունները մեծ քանակությամբ հայհոյանքներ են սովորել, ինչի պատճառով այգու ղեկավարությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել՝ այցելուների հանգիստը չխաթարելու համար։
Բիլի, Էրիկ, Ջեյդ, Էլսի և Թայսոն անուններով թութակները Լինքոլնշիրի վայրի բնության այգի էին տեղափոխվել տարբեր տներից՝ ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում։
Թռչունները շատ արագ հարմարվել են միմյանց, սկսել են կրկնել վիրավորական բառեր և դրանք հասցեագրել ինչպես իրար, այնպես էլ այգու հյուրերին։
Աշխատակիցները փորձել են նրանց շրջապատել ավելի հանգիստ ու դաստիարակված թութակներով՝ հույս ունենալով, որ նրանք կփոխեն վարքը, սակայն հակառակ արդյունքն է գրանցվել․ մյուս թռչուններն էլ սկսել են կրկնել նրանց պահվածքը։
Մասնագետների խոսքով՝ աֆրիկյան գորշ թութակները հայտնի են իրենց բարձր ինտելեկտով և մարդկանց ձայներն ու վարքագիծը նմանակելու բացառիկ ունակությամբ։



