«Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային». Էքսկուրսիայից հետո 12-ամյա աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց
«Ձեռքդ տուր» ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանը դիմում է հղել Արփինե Սարգսյանին․
«Հարգելի տիկին Սարգսյան, քանի՞ երեխա պետք է հայտնվի հիվանդանոցում, որպեսզի հասկանանք, որ սա արդեն ոչ թե առանձին դեպք է, այլ ահազանգ ամբողջ հասարակության համար։
Աշտարակի համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։
Ինձ մոտ առկա բժշկական եզրակացության համաձայն՝ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։
Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին ամգամ է օգըագործել։
Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային։
Տիկին Սարգսյան, Դուք ասում էիք՝ եթե կան փաստեր, ներկայացրեք։
Ահա փաստերը՝ 12-ամյա երեխան հիվանդանոցում է։
Բժշկական եզրակացությունը կա։
Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ով է տնօրենը, ով է ուսուցիչը, կամ ինչպես եք մեղավորին փնտրելու։
Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց․
Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ 12-ամյա երեխան այսօր հիվանդանոցային մահճակալին է՝ ծանր վիճակում, հիշողության կորստով, իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։
Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային։
Ո՞վ է խլել այդ ընտանիքի հանգիստն ու երեխայի առողջությունը։
Ո՞վ է պատասխան տալու ծնողների առաջ։
Եվ ամենակարևորը՝
Ո՞վ է երաշխավորելու, որ վաղը նույն ճակատագրին չի արժանանա մեկ այլ երեխա։
Խնդրում ու պահանջում եմ գործն անհապաղ վերցնել հատուկ վերահսկողության տակ, բացահայտել դեպքի բոլոր հանգամանքները, հայտնաբերել թմրամիջոցի աղբյուրը և օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին»։


