Քաղաքականություն

Էրդողանը հրավիրվել է Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին․թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է մայիսի 4-ին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Թուրքական մամուլի տվյալներով՝ դեռ պարզ չէ՝ արդյոք նա կմասնակցի հանդիպմանը, քանի որ Անկարայի կողմից պաշտոնական հաստատում առայժմ չկա։ ԵՄ պաշտոնյաներից մեկը նշել է, որ մասնակիցների վերջնական ցանկը դեռ ձևավորման փուլում է, և մասնակցության հարցը կհստակեցվի առաջիկա օրերին։ Գործող կարգի համաձայն՝ գագաթնաժողովին մասնակցում են միայն պետությունների և կառավարությունների ղեկավարները, և Էրդողանի չմասնակցելու դեպքում Թուրքիան չի ներկայացվի։

Թուրքական աղբյուրները հիշեցնում են, որ Անկարան մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի առաջին հանդիպմանը, որը կայացել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Էրդողանը ներկա է եղել նաև 2024 թվականի Բուդապեշտի և 2025 թվականի Տիրանայի գագաթնաժողովներին, սակայն բաց է թողել Իսպանիայում, Մոլդովայում, Մեծ Բրիտանիայում և Դանիայում անցկացված մի շարք հանդիպումներ՝ թեև հրավիրված է եղել։

Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում անցկացվող այս գագաթնաժողովը նպատակ ունի խորացնել եվրոպական երկրների միջև համագործակցությունը, երկխոսությունն ու համակարգումը։ Այն կանցկացվի «Ապագայի կառուցում․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։

Օրակարգում ընդգրկված են ժողովրդավարական կայունության ամրապնդման, կապակցվածության զարգացման, ինչպես նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության հարցեր՝ ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում։

Գագաթնաժողովը կհամանախագահեն Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մասնակցության հրավերներ են ուղարկվել շուրջ 48 երկրների առաջնորդների։ Այս անգամ, ի տարբերություն նախորդների, հրավիրվել է նաև Եվրոպայից դուրս գտնվող երկրի ղեկավար՝ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, ինչը վկայում է ձևաչափի ընդլայնման մասին։

Եվրոպական քաղաքական համայնքը ստեղծվել է 2022 թվականին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով ապահովել ավելի լայն համագործակցություն եվրոպական երկրների միջև՝ անկախ Եվրամիության անդամակցությունից։ Այն հանդիսանում է ոչ ֆորմալ, բայց կարևոր հարթակ քաղաքական, անվտանգային, էներգետիկ և այլ ոլորտներում քննարկումների համար

Կիսվեք ձեր էջում