Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգողը ձերբակալվել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նա ձերբակալվել է։

Այս մասին Bavnews-ին հայտնել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նրա խոսքով՝ Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքի անցկացումը կամ մասնակցությունը խոչընդոտելու կամ պարտադրելու, ինչպես նաև մասնակցելու կամ հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար, երբ դա կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցից բխող ազդեցության օգտագործմամբ։ Նա նաև նշել է, որ անձը ձերբակալվել է։

Ավելի վաղ, Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների համատեքստում բարեգործության անվան տակ աջակցություն տրամադրելու դեպքով ձերբակալվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Կիսվեք ձեր էջում