Մամուլ

Քրեական օրենսգրքի փոփոխություն․ թմրանյութերի համար մինչև ցմահ ազատազրկում

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը շարունակում է լուրջ խնդիր մնալ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Պետությունները տարբեր ձևերով են արձագանքում այս երևույթին՝ հաճախ կիրառելով խիստ քրեաիրավական միջոցներ։ Այս մասին հայտարարել է պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում ներկայացնելով Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները։

Նրա խոսքով՝ որոշ երկրներում նման հանցագործությունների համար սահմանված է նույնիսկ մահապատիժ կամ ցմահ ազատազրկում։ Հայաստանում նույնպես արձանագրվում է նման հանցագործությունների աճ․ 2022-ին գրանցվել է 1707 դեպք, 2023-ին՝ 4556, 2024-ին՝ 3485, իսկ 2025-ին՝ 4172 դեպք։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է խստացնել պատիժները՝ հաշվի առնելով հանցագործությունների վտանգավորությունը։ Մասնավորապես, առաջարկվում է ծանրացնող հանգամանք սահմանել հանցագործությունը տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով իրականացնելու դեպքում։ Օրինակ՝ եթե թմրամիջոցների իրացումը կատարվի տելեգրամյան ալիքներով, պատիժը կբարձրանա 3-6 տարվա փոխարեն մինչև 4-8 տարի։

Նաեւ առաջարկվում է ծանրացնող հանգամանք համարել անձի անօգնական վիճակի օգտագործումը, ինչպես նաև առանձնապես ծանրացնող՝ անչափահասների ներգրավումը։ Վերջին դեպքում պատիժը կարող է հասնել 6-12 տարվա ազատազրկման։

Բացի այդ, խստացվում են թմրամիջոցների արտադրության, պահման, տեղափոխման, իրացման և այլ գործողությունների համար նախատեսված պատիժները։ Օրինակ՝ ներկայիս 3-6 տարվա փոխարեն առաջարկվում է սահմանել 5-8 տարի, իսկ մի շարք ծանրացնող պայմաններում՝ մինչև 8-12 տարի։ Առանձնապես ծանր դեպքերում կարող է սահմանվել մինչև 20 տարվա կամ նույնիսկ ցմահ ազատազրկում։

Առաջարկվում է խստացնել նաև այն դեպքերը, երբ թմրամիջոցների շրջանառությունը կատարվում է առանց իրացման նպատակի։

Նշվում է, որ նախագիծը մեկ տարուց ավելի քննարկվել է Կառավարության հետ, և ներկայացված առաջարկներից մեծ մասը ընդունվել է։ Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել նաև այն հարցին, թե որքան արդյունավետ է պատժաչափերի խստացումը՝ որպես կանխարգելիչ միջոց։ Հայկ Սարգսյանի կարծիքով՝ խստացումը կարող է ունենալ զսպող ազդեցություն։

Միևնույն ժամանակ, հանձնաժողովի անդամ Լիլիթ Մինասյանը նշել է, որ միայն պատժի խստացմամբ խնդիրը հնարավոր չէ լուծել, ինչը հաստատվում է նաև միջազգային փորձով։ Այնուամենայնիվ, նա կողմ է արտահայտվել նախագծի ընդունմանը՝ Կառավարության առաջարկների հաշվառմամբ։

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը պարզաբանել է, որ Կառավարությունը դեմ չէ խստացմանը ընդհանուր առմամբ, այլ ներկայացրել է որոշակի ճշգրտումներ։

Քվեարկության արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել լրամշակված տարբերակին։ Նշվել է նաև, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախատեսվում են լրացուցիչ քննարկումներ՝ տարբեր մարմինների մասնակցությամբ։

Կիսվեք ձեր էջում