Մամուլ

18-ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է»,- ասաց Էլբակյանը։Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։

Հիշեցնենք` մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։

Մարտի 30-ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։

Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։

Կիսվեք ձեր էջում