Մամուլ

Լավ լուր թոշակ ստացողների համար

Կենսաթոշակառուներին հետվճարի տրամադրման ժամկետները կերկարաձգվեն մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Bavnews.am-ի փոխանցմամբ՝ նշվում է, որ միջոցառման շահառուների թվի՝ 2022 թվականի միջին ամսականը կազմել է 44031, իսկ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի միջին ամսականը՝  2915 դրամ։ 2024 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշները կազմել են, համապատախանաբար, 257332 և 3395 դրամ:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների հետվճարի գծով ծախսերը կազմել է 6.7 մլրդ դրամ։

Նշենք, որ 2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տրվել ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։

Ըստ այդմ, անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ՝ նախկին 5000 դրամի փոխարեն։

Հետվճարից կարող են օգտվել նաև ԼՂ հայրենակիցները։

Նշենք, որ պետական կենսաթոշակների տեսակների նշանակման համար դիմում ներկայացնելու դեպքում պետք է այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:

63 տարեկանից մեկ տարի շուտ տարիքային կենսաթոշակ նշանակվում է, եթե անձն ունի առնվազն 35 տարվա աշխատանքային ստաժ և չի աշխատում:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակի նշանակման համար կարող է դիմել ցանկացած ժամանակ` իր հայեցողությամբ:

Տարիքային աշխատանքային կենսաթոշակը նշանակվում է ցմահ: