Տղայիս սպանությունից 2 ամիս է անցել, բայց դատաբժշկական փորձաքննության պատասխանը չկա
44-օրյա պատերազմի մասնակից, 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանի սպանությունից 2 ամիս անց դեռ դատաբժշկական փորձաքննության պատասխանները չեն տրամադրել ընտանիքի անդամներին:
Oragir.News-ի հետ զրույցում սպանվածի հայրը՝ Սիրակ Նավասարդյանը, ասաց, որ մինչ օրս քննությունը շարունակվում է, ու թեև տասը հոգով են տղային ծեծելով սպանել, նրանցից միայն 2-ն են կալանավորված:
«Քնությունն անընդհատ ձգձգվում է. այս ըթացքում 2-3 անգամ գնացել եմ Կապան, քննությունն այնտեղ է ընթանում, բայց անընդհատ՝ էսօր-վաղը:
10 հոգուց մինչև հիմա 2 հոգու են բռնել, Գորիսի բանտում նստած են, բայց չեն ընդունում մեղքը, ասում ե՝ իրեն-իրեն է ընկել, այդպես է եղել:
Քանի որ մյուս տղաս էլ է դեպքի վայրում եղել, առերեսման ժամանակ ևս 2 հոգու ճանաչել է, ասել է՝ նաև իրենք են ծեծել, բայց նրանք ասել են՝ մենք այդտեղ չենք եղել: Այդ ո՞ր մի հանցագործը կասի՝ ես եմ արել: Դրանց բաց թողեցին, գնացին:
Դա մոտ 10-15 օր առաջ էր, դեռ քննությունը չի ավարտվել: Մինչև հիմա սպասում ենք դատբժշկական փորձաքննությանը, դեպքը հոկտեմբերի 10-ին է եղել, մոտ 2.5 ամիս անցել է, բայց դեռ պատասխան չկա, ասում են՝ ուշ է գալու»,- ասաց սպանված Մկրտիչ Նավասարդյանի հայրը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 9։00-ի սահմաններում, Սյունիքի մարզում վիճաբանություն էր տեղի ունեցել, որն ավարտվել էր ծեծկռտուքով։ Մոտ 10 հոգով ծեծի էին ենթարկել հարազատ եղբայրների, որոնց տեղափոխել էին հիվանդանոց։
36-ամյա Վահրամ Նավասարդյանը դուրս էր գրվել, իսկ 41-ամյա Մկրտիչ Նավասարդյանը գիտակցության չգալով հոկտեմբերի 12-ին մահացել էր։