17-ամյա տղայի սպանությունից հետո փորձել են հրկիզել մեղադրյալներից մեկի տունը
Նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով նախաքննության ընթացքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։
Այս մասի հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։
«Մասնավորապես, պարզվել է, որ 2024 թվականի նոյեմբերի 8-ին Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ Ս.Պ.-ի և նույն բնակավայրի մեկ այլ բնակչի՝ Ս.Ս.-ի միջև, էլեկտրոնային հաղորդագրության հետ կապված անձնական հարցի պատճառով, լարված հարաբերություններ են ձևավորվել:
Այդ հարցի հետ կապված պարզաբանումներ ստանալու և վրեժի շարժառիթով պատժելու նպատակով Ս.Ս.-ն իր համախոհներին հավաքագրել և տեղափոխել էր Մասիս համայնքի Նոր Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածք, որտեղ, պայմանավորվածության համաձայն, հանդիպել են Ս.Պ.-ին և վերջինիս երեք ընկերներին, այդ թվում՝ տուժող Դավիթ Պողոսյանին:
Ս.Ս.-ն ընկերների հետ խմբի կազմում, իրականում առանց պարզաբանում կատարելու, մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համատեղ գործելով, հարձակվել են Ս.Պ.-ի և վերջինիս ընկերների վրա, ձեռքերով և ոտքերով սկսել են հարվածներ հասցնել վերջիններիս:
Այդ ընթացքում Ս.Ս.-ի ընկեր Ա.Գ.-ն, առավել ակտիվ ու ագրեսիվ վարքագիծ դրսևորելով, իր մոտ պահվող դանակով սկսել է հարվածներ հասցնել գետնին ընկած անչափահաս Ս.Պ.-ի ընկերոջ՝ Դ.Պ.-ի կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին, իսկ խմբի անդամներ Ս.Ս.-ն և մյուսները, շարունակել են հարվածներ հասցնել Դ.Պ.-ին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով վերջինիս:
Դեպքից օրեր անց միջադեպի մասնակիցներից մեկի՝ Նոր Խարբերդ բնակավայրի բնակչի ազգականը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 17-ամյա երիտասարդի սպանությունից օրեր անց՝ նոյեմբերի 12-ի ուշ երեկոյան, իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ընթացքը մի քանի մեքենաներ խոչընդոտել են, ինչի պատճառով ինքը մեքենան վարել է հակառակ ուղղությամբ, որի ժամանակ լսել է կրակոցի նմանվող ձայն, իսկ որոշ ժամանակ անց նկատել է, որ իր մեքենայի վրա առկա են վնասված հետքեր:
Բացի այդ, դեպքից օրեր անց հաղորդում է ստացվել նաև 17-ամյա երիտասարդի սպանության վարույթով մեղադրյալների հորից այն մասին, որ 2024թ․ նոյեմբերի 11-ի երեկոյան, անհայտ անձը (անձինք) փորձել է հրկիզել Նոր Խարբերդ գյուղում գտնվող, չբնակեցված իր տունը, սակայն այրվել է միայն տան պատուհանը։
Նշված հաղորդումների առթիվ նախաձեռնվել են առանձին քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, միացվել են երիտասարդի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթին։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային բազմաթիվ գործողություններ՝ դեպքի վայրի, հագուստների, տեսագրությունների զննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն, խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են վերոհիշյալ դեպքերի հետ առնչություն ունեցող ավտոմեքենաներից երկուսը և տեղափոխվել հատուկ պահպանվող տարածք: Մյուսները հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում։
Պարզվել է ողբերգական հետևանքներով միջադեպին մասնակից շուրջ մեկ տասնյակ անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները։
Տունն առերևույթ հրկիզող, ավտոմեքենայի ուղղությամբ հնարավոր կրակոց արձակած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Մեղադրյալների, ինչպես նաև վարույթով առանցքային նշանակություն ունեցող վկաների նկատմամբ կայացվել են «Պաշտպանական միջոց կիրառելու վերաբերյալ» որոշումներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակից 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, դատարանի որոշմամբ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:
Մեղադրյալներից 4-ը կալանավորվել են, մյուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: