Առաջին կին ժամկետային զինծառայողն արձակվել է պահեստազոր․ քանի կին է այս պահին ծառայում բանակում
Oragir.News-ը նախորդ ամիս Հայաստանի Պաշտանության նախարարությյուն գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով՝ Միլենա Ենոքյանի ծառայությունը շարունակվո՞ւմ է, այս պահի դրությամբ Հայաստանի ՊՆ-ում քանի՞ ժամկետային կին զինծառայող կա, ու նրանցից քանի՞սն են այս զորակոչով ծառայության անցել։
Հայաստանի Պաշտպանության նախարարությունից օրերս Oragir.News-ի հարցմանն ի պատասխան նշել էին, որ Միլենա Ենոքյանը ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ արձակվել է պահեստազոր։ ՊՆ-ից նաև հայտնել էին, որ Ենոքյանը դիմել է և մասնակցելու է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ընդունելության քննություններին։
Նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ այս պահին ՀՀ զինված ուժերի կազմում պարտադիր զինվորական ծառայություն է անցնում իգական սեռի 2 զինծառայող, ովքեր զորակոչվել են 2024 թվականի ամառային զորակոչի ժամանակ։
Նշենք, որ կանանց ծառայությունը կամավոր է, բայց եթե մինչև զորակոչվելու օրը չհրաժարվեցին, 6 ամիս ծառայելուց հետո վերջիններս պետությունից ստանում են 1 մլն դրամ։ Բանակ զորակոչվելուց հետո կանայք չեն կարող ժամկետից շուտ դադարեցնել իրենց ծառայությունը։