ՄամուլՇոու-բիզնես

«Ուզում էի շտապ օգնություն կանչել, Գինոսյանը չթողեց, առաջարկեցի մեքենայով տանել հիվանդանոց, էլի համառեց»

Պարուսույց Տիգրան Մկրտչյանը գրում է․

«Վերջերս էր, իջնում էի Երիտասարդականի Մետրոնոմի աստիճաններով ու հենց աստիճանների վրա հանդիպեցի ընկեր Գինոսյանին, ողջագուրվեցինք, հարցրեցի ոնց է։ Իրեն հատուկ ժպիտով ու առույգությամբ պատասխանեց, որ իրեն ինչ է եղել որ։

Մի փոքր էլ զրուցելուց հետո հրաժեշտ տվեցինք իրար։ Դեռ մի քանի աստիճան չէի հասցրել իջնել, երբ թիկունքիցս հեւոց լսեցի, շրջվեցի եւ տեսնեմ ընկեր Գինոսյանը մի ձեռքով հենված աստիճանի կողապատին, մյուս ձեռքը սրտին շրջանում դրած շնչում է ծանր եւ ուժասպառ։ Արագ հետ բարձրացա, ուզում էի շտապ օգնություն կանչել, չթողեց, առաջարկեցի մեքենայով տանել հիվանդանոց, էլի համառեց, ասացի.

— Լավ բա, սենց ո՞նց կլինի, ընկեր Գինոսյան, ձեզ օգնություն ա պետք։
Նայեց ինձ ժպտաց ու.

— Տիգրա’ն ջան, Արցախից հետո ես մահից չեմ վախենում, ինձ մեռնել չկա, ես դեռ շատ բան ունեմ անելու, հանգի’ստ եղիր։

Մի քանի րոպե անց, երբ շնչառությունը կարգավորվեց, հեռացավ։
Օրեր անց լսում եմ այս չարաբաստիկ լուրի մասին։

…կյանքում ամենաանկանխատեսելին հենց ինքը կյանքն է։ Երբեք չգիտես, թե ինչ կբերի վաղվա օրը, եւ ինչն է քեզ դարանակալած սպասում հաջորդ շրջադարձի վրա։
Եվ կարեւոր չէ, թե ինչքան ես ապրում, այլ կարեւորը, թե ինչպես ես ապրում։

Վերջիվերջո քեզնից հետո դեռ շարունակում ես ապրել երկրի վրա ոչ թե ապրածդ օրերի քանակով, այլ որակով ու օրինակով։

Վերջիվերջո կարեւոր չէ, թե ինչ է փոխել կյանքը քո մեջ, կարեւոր է, թե ինչ ես փոխել դու կյանքի մեջ։

Հանգչե’ք խաղաղությամբ, ընկե’ր Գինոսյան ջան’ ավագ ընկեր, օրինակելի ուսուցիչ, վստահելի առաջնորդ, առատ պաշար, անխնա տվող ու տարածող, գործի մարդ ու արդյունք քաղող։

Հրդեհեցիք երիտասարդությանը ազգային պարերով, հրդեհեցիք ու հեռացաք։ Վստահ եմ, որ էս հրդեհը մարել չի լինի, եւ ՍԱ է ԿԱՐԵՒՈՐԸ, ԵՎ ՍԱ Է ԿԱՐԵՒՈՐԸ…

Հ.Գ. Կարինցինե’ր ջան, պինդ եղե’ք, ցույց տվեք, որ ձեր գործը թեկուզ սկսվեց մի մարդով, հզոր անհատով, բայց կշարունակվի խմբով, կհարատեւի թիմի ու «մենք»-ի մեջ։ Ուժե’ղ եղեք…»։

Կիսվել